Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շներին «փորձել են փրկել» «Դինգո թիմ»-ի աշխատակիցները

Հասարակություն
nkar-shun

«Յունիգրաֆ իքս» կլինիկայից շների տանելու դեպքի առթիվ անմիջապես այնտեղ են ժամանել ոստիկանության ներկայացուցիչներ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն, ահազանգը ստացվել է 00.05-ին։ «Մեզ հայտնել են, որ 12 շուն են գողացել»,-նշեց պարոն Մալխասյանը։ Նա հորդորեց այլ տեղեկություններ ստանալ Քննչական կոմիտեից։ Այնտեղից, սակայն, ասացին, որ կոմիտեի Կենտրոնի բաժնում նման նյութեր չեն ստացվել։ «Յունիգրաֆ իքս»-ի աշխատակից Լիլիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, նշելով, որ քննությունը կպարզի դեպքի հանգամանքները: Հարցին, թե ո՞վ կարող էր շահագրգռված լինել կենդանիներին տանելու հարցում, նա նշեց. «Չեմ ուզում հիմա որևէ բան նշել այդ մասին»: Հիշեցնենք, որ ինչպես «Յունիգրաֆ իքս» ընկերությունն էր տարածել, մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։ Ավելի ուշ կապ հաստատեցինք «Դինգո թիմ»-ի հետ։ «Մենք ենք տարել շներին։ Ես խոսել եմ իրենց պահակի հետ, ասել եմ, որ այնտեղ մեր շներն են, և նա մեզ ներս է թողել շների այդ կացարան, որը սպանդանոց է։ Մեր խնամքի տակ գտնվող 6 շները, որ իրենց մոտ էին, դրանցից ընդամենը երկուսին ենք այնտեղ գտել»,-հայտնեց թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը։ Նա շեշտեց, որ կենդանիները գտնվում էին սարսափելի վիճակում. «Բոլոր շներից արյուն էր արտադրվում, նրանց դիմացի ճաշերը բորբոսնած էին։ Խայտառակ վիճակ էր բոլոր կենդանիների մոտ, մի քանի շներ էլ սատկած էին»։ Դիտարկմանը, թե ըստ «Յունիգրաֆ իքս»-ի՝ 12 շուն է տարվել, Գոհարն ասաց. «Մի քանի րոպե առաջ էլ այդ թիվը 17 էր դարձել։ Մենք երկու մեքենայով ենք եղել, որոնցից յուրաքանչյուրում չորս մարդ է եղել։ Տրամաբանական է, որ չէինք կարող 17 շուն տանել»։ Նա նշեց, որ արդեն իսկ ոստիկանությունում ցուցմունք է տվել և՛ ինքը, և՛ տվյալ կացարանի պահակը։ «Շներին տանելու գլխավոր նպատակն է եղել փրկել նրանց։ Բացի այդ, այն, որ տարեկան 110 մլն դրամ է «Յունիգրաֆ իքս» կազմակերպությանը տրամադրվում, ուզում ենք հասկացնել հանրությանը, որ այդ գումարները չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է»։