«Դիշովկա». Փոխադարձ վիրավորանքներ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ականների միջև (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց իր գրավոր հարցը՝ կապված տեսա և լուսանկարահանող սարքերի հետ։ «Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին իր նստավայրում հրավիրած հերթական խորհրդավոր խորհրդակցության ժամաակ հայտարարեց, որ արագաչափերի տեղադրումից հետո ՃՏՊ-ները 70 տոկոսով կրճատվեցին։ Կառավարությունից ստացել եմ պատասխան, որ 2012 թվականից հետո, երբ տեսախցիկներն ու արագաչափերը տեղադրվեցին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և տեսախցիկների ու արագաչափերի գրանցումները աճել են։ Ընդ որում՝ ամեն տարի մոտ 16 տոկոս և ավելի աճ են ունեցել։ Որքան աճում են տեսախցիկները և արագաչափերը, այնքան աճում են երթևեկության կանոնների խախտումները։ 2015 թվականին մենք ունեցել ենք 5084 տուժող, որը 2011-ի համեմատ աճել է 71 տոկոսով»։ Պատգամավորը նշեց նաև, որ սարքերի տեղադրման պահից Հայաստանի քաղաքացիները 38 մլրդ դրամ գումար են վճարել։ «Այդ գումարի կեսը գնացել է «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությանը։ Իսկ այդ ընկերությունն, ըստ օդում կախված լուրերի, ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ։ Ըստ օդում կախված լուրերի,այս գումարները քաղաքացիները վճարել են Սերժ Սարգսյանի ընտանիքին։ Ի՞նչ են տալիս մեզ արագաչափերը»։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր մոտեցումները ճշգրտման կարիք ունեն։ 2015-ի ընթացքում եղել է 346 զոհ և 4738 մարմնական վնասվածք։ 2011 թվականին, երբ սարքերը չէին գործարկվում, Երևանում արձանագրվել է 1016 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել էր 92 մարդ և վիրավորվել 1348-ը։ 2012-ին, երբ տեղադրվեցին սարքերը, ունեցանք դեպքերի կտրուկ նվազում»։ «Խնդիրն այն է, որ երթևեկության խախտումներն աճում են, պատահարների թիվն աճում է, տուժածների թիվն աճում է, մարդկանց ֆինանսական բեռն աճում է, ամեն ինչ աճում է։ Էլ ինչի՞ համար են այդ սարքերը։ Ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ ոչ, որովհետև Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, մի 6 ամիս հետո ասում եք՝ չէ, այդպես չի։ ՃՏՊ-ների վերաբերյալ հայտարարություն է անում, ամիսներ հետո պարզվում է՝ այդպես չի»։ Դահլիճից պարոն Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ սկսեցին հնչել։ «Այ տղա, քո հետ եմ»,-տեղից բղավեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։ Առաքել Մովսիսյանն էլ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց. «Արա, այ համբալ, դիշովկա»: «Համբալը դու ես, արա է», -արձագանքեց պատգամավոր Փաշինյանը: