«Բիբինի առաջ ՀԾԿՀ-ն վիզ է ծռում» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀԾԿՀ 2016թ. ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 70 տոկոսով ավելի թանկ ենք վճարում էլեկտրաէներգիայի համար, ու տարածաշրջանում այն ամենաթանկ գինն է: Ըստ նրա՝ միջազգային աուդիտի համաձայն՝ ՀՀ սպառողներից էլեկտրաէներգիայի վարձավճարի հավաքագրումը հասնում է 94 տոկոսի եւ ԱՊՀ ոչ մի երկրում չկա նման ցուցանիշ. «Բիբինը մեր փողերը հավաքել է ու մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարելու փոխարեն, եկել, մեր դուռը կտրել ու, ըստ էության, շանտաժ է անում, թե ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, քանի որ ամբողջ գումարը տալիս եմ ռուսական ու ամերիկյան կապիտալով ընկերություններին: ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞, այսքան չթանկացեք, այնքան թանկացնե՞ք, մի հատ էլ վիզ է ծռում: Ռուս-ամերիկյան դավադրություն է՝ էներգետիկ համակարգը սնանկացնելու համար, հետո էլ ասում եք՝ չքաղաքականացնել»: Նա հարց ուղղեց՝ արդյոք ՀԷՑ-ը փակե՞լ է հայկական ընկերություններին ունեցած իր պարտքերը, թե ոչ. «Բաղրամյան պողոտայի հայտնի իրադարձություններից հետո իշխանություններն այդքան դուխ չունեն, որ գան, ասեն, որ էլի կա ֆինանսական ճեղքվածք, ու դրա համար նորից վարկ են վերցրել՝ երեսուն մլն դոլար: Ես չեմ կասկածում, որ սա եւս կհայտնվի ռուս-ամերիկյան դավադրության ձեռքերում: Հայ-ռուս-ամերիկյան ակտորները այս գործում խառնված, եթե հետեւություն չանեն ու էներգետիկ համակարգի կործանմանը վերջ չտան, ապա հայ ժողովուրդը մի օր ստիպված է լինելու դնել Հրազդանի ՋԷԿ-ի, Որոտանի ՀԷԿ-ի, նույն ՀԷՑ-ի ազգայնացման հարցը»: