Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսերենի չիմացությունը խոչընդոտ է սիրիահայերի համար (տեսանյութ)

Հասարակություն
siriahay

Մի քանի սիրիահայեր հայրենակիցներին օգնելու համար բացել են «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն: Այն արդեն 15 օր է` գործում է եւ խորհրդատվությամբ կամ իրավաբանական ծառայություններով օգնում է սիրիահայերին. «Մենք նպատակ ունենք գործարար սիրիահայերի խնդիրները լուծել: Ուզում ենք իրավական խորհուրդներով օգնել նրանց, որ իրենց բիզնեսը զարգացնեն եւ չարտագաղթեն»,- ասում է ՀԿ անդամ, սիրիահայ Ներսես Գեւոն: ՀԿ անդամները նշում են, որ արդեն փորձում են գործակցել պետական մարմինների հետ. «Արդեն հանդիպել ենք սփյուռքի նախարարի եւ էկոնոմիկայի փոխնախարարի հետ: Կարծում ենք բազմաթիվ բաց հարցեր կլուծվեն»,-նշում են սիրիահայերը: ՀԿ-ն ստեղծող սիրիահայերը արդեն մի քանի տարի է՝ բնակվում են Հայաստանում, հիշում են, որ երբ նոր էին եկել, բազում դժվարություններ ունեին: Հիմնական խնդիրը եղել է օրենք չիմանալն ու շուկայի փոփոխությունը. «Երբ Սիրիայի մի թաղամասից մյուս թաղամասն էին տեղափոխում մեր բիզնեսը, էլի խնդիրներ էին լինում, ուր մնաց որ երկիր ենք փոխել, հիմա մենք կօգնենք բոլորին հաղթահարել այդ խնդիրները»,- ասում է Ներսես Գեւոն: Գործարար սիրիահայերին հուզող առաջին հարցերից մեկը արտաքին շուկա դուրս գալն է. «Մենք շուկային ծանոթ չենք, մի քիչ աշխատենք, պետք է արտաքին շուկա մտնենք: Այստեղից ամենաբաց շուկան Ռուսաստանն է, մենք ռուսերեն չգիտենք, դրա համար ենք դիմում պատկան մարմիններին, կարծում ենք կօգնեն»,- ասում է սիրիահայ, ՀԿ նախագահ Միքայել Կարապետը: Սիրիահայերը չհամաձայնեցին «Ա1+»-ի դիտարկման հետ, թե շատ սիրիահայ ընտանիքներ դժգոհ հեռանում են Հայաստանից. « Մի քանի ընտանիքի հեռանալը չի նշանակում, որ մեծ տեմպերով արտագաղթ է: Դա չի նշանակում, որ սիրիահայերի համար այստեղ վատ է: Պարզապես մարդիկ կան, որ չեն հարմարվում, այդպիսիները անգամ Սիրայի հարեւան երկրներում չեն կարողացել հարմարվել: Եվ հետո, երբ նրանք եկել են Հայաստան, ոչ ոք չի ասել իրանց, եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք, իրենք պետք է հարմարվեին օրենքներին, բարքերին, իրենք պետք է ստեղծեին իրենց աշխատանքը»,- նշեց Միքայել Կարապետը: