Մայրաքաղաքի կենտրոնում նորից ծառեր են հատվել (տեսանյութ)
«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը:
Այս պահին ծառեր են հատվում նաև Ագրարային համալսարանի դիմացի այգում: Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը: Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»: Այս ահազանգը խմբագրությունն ստացել է մոտ մեկ ժամ առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունից։
Մեր թղթակիցը եղել է դեպքի վայրում։ «Սանտա Ֆե»-ի տարածքը փակ է եղել, իսկ աշխատակիցները հերքել են, թե այդտեղ որևէ ծառ է հատվել։ Իսկ ահա Ագրարային համալսարանի տարածքում մեր տեսախցիկը ֆիքսել է հատված ծառեր։
Օրեր առաջ մենք անդրադարձել էինք, որ այստեղ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն» է կառուցվելու, սակայն ծառեր հատելու թույլտվություն քաղաքապետարանը չէր տվել։ Այսօր արդեն մեկ տասնյակից ավել ծառեր են հատվել։
«Ա1+»-ի թղթակիցը դեռևս դեպքի վայրում է։
Թեմայի մասին առավել մանրամասն՝ քիչ անց։