28-ամյա երիտասարդը տիրապետում է 10 լեզվի

Անգլերեն, ռուսերեն, նորվեգերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, իսպաներեն, ֆրանսերեն. 28-ամյա Վահան Մելքոնյանը տիրապետում է այս բոլոր լեզուներին:

«Մայրս անգլերենի մասնագետ է, դեռ մանկուց անգլերեն էր սովորեցնում: 6 տարի ինձ անգլերեն է դասավանդել, այդ իսկ պատճառով այդ լեզուն միշտ ասոցացնում էի ինչ-որ ջերմ զգացողությունների հետ: Ընթացքում ֆրանսերեն էլ էր սովորեցնում: Առհասարակ, մորս ներդրումը իմ ուսման գործում շատ մեծ է: Դե, հետո էլ սկսեցի ինքնուրույն խորացնել գիտելիքներս, զուգահեռ այլ լեզուներ ուսումնասիրել»:

Վահանի խոսքով՝ գերմաներենը առաջին լեզուն է, որը ամբողջովին ինքնուրույն է սովորել:

«Դա ինձ համար մարտահրավեր էր, իսկ ուրախալին այն էր, որ չնայած ինքնուրույն էի սովորում, ինձ մոտ ստացվում էր, ու ըստ իս՝ կարողացա հասնել բավականին լավ արդյունքի: Ես նպատակ ունեի ու ամեն կերպ ինձ ասում էի՝ պետք է անես, ու այդ ժամանակ ոչ մի համացանց, տեսանյութեր, նման բան չկար, այդ լեզվով նույնիսկ խոսող մարդիկ էլ չկային, մի գիրք ու դու: Կա՛մ կանես, կա՛մ չես անի: Ու արեցի, 2005-ին գերմաներենի քննություն հանձնեցի, գնացի միասմյա դասընթացի: Սակայն ընթացքում չէի մոռանում նաեւ մյուս իմացած լեզուների մասին, անընդհատ փորձում էի աշխատել: Ընթացքում սկսեցի չինարենը, բայց թողեցի, ուզում եմ վերսկսել»:

Գերմաներենի հաջողված փորձին հետեւում են պարսկերենը, արաբերենը եւ մնացյալ լեզուները:

«Արաբերենը մի փոքր բարդ էր: Զգացի, որ դժվարանում եմ, հոգնում էի, սկզբում միայնակ այդքան էլ լավ չէր ստացվում: Սակայն ընթացքում դիմեցի մի ծրագրի ու գնացի Գերմանիա ուսումս շարունակելու, այնտեղ էլ շատ էին եւ՛ արաբները, եւ՛ պարսիկները, եւ՛ թուրքերը. մի խոսքով, իրոք, այն միջավայրում էի, որը թույլ էր տալիս ավելի կատարելագործվելու: Իսկ ադրբեջաներեն սկսեցի ուսումնասիրել նախքան բանակ գնալս, մտածեցի այնտեղ պետք կգա, այդպես էլ եղավ: Արդեն բանակում սկսեցի զուգահեռ սովորել նորվեգերեն, մշակույթի հետ կապված ինչ-որ պատկերացումներ ունեի, գիտեի նաեւ, որ գերմաներենի հետ առնչություն ունի, այդ իսկ պատճառով սկսեցի ուսումնասիրել դա, սակայն, ցավոք, գիտակցում էի, որ շրջապատում նորվեգերեն իմացող գրեթե չի լինի»:

Վահանը նշում է, որ սա ինչ-որ արտասովոր երեւույթ չէ, մեծ ցանկության ու համառության դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է սովորել:

«Ուսման տարիները, իրոք, ոսկի տարիներ էին. գալիս էի համալսարանից տուն ու ամբողջ օրը ազատ էի, կարող էի ժամանակս տրամադրել նաեւ իմ այլ նախասիրություններին: Ես հիմա եմ դա զգում, երբ աշխատում եմ, ժամանակս չի հերիքում: Բայց հիմա էլ փորձում եմ համատեղել, աշխատանքիս զուգահեռ լեզվի դասեր եմ տալիս, նկարչությամբ եմ զբաղվում: Ու հավատացե՛ք, ամեն ինչ համատեղելի է: Երբ մտնում ես ինչ-որ տեղ, տեսնում ես տարբեր ոլորտների մասնագետների, դու քեզ հարց ես տալիս՝ ի՞նչ ես անում դու, ինչի՞ ես հասել քո կյանքում, ես գիտեմ, որ համեմատվելը սխալ է, բայց եթե դրական կողմից նայենք այս ամենին, դա մղում է քեզ առաջ, աշխատելու, ինչ-որ բանի հասնելու եւ ամենեւին ոչ այդ ամենը ցուցադրելու նպատակով»:

Վահանի խոսքով՝ իրեն գրավում են բոլոր լեզուները, սակայն գերմաներենը հատկապես հոգեհարազատ է:

«Ըստ իս՝ ամենաշատը սիրում ես այն լեզուն, որն ամենալավն է ստացվում, ու ամենալավն է ստացվում այն լեզուն, որը ամենաշատն ես սիրում: Նույնը կարող եմ ասել գերմաներենի մասին: Այս լեզվի հանդեպ ունեմ յուրահատուկ վերաբերմունք, այն ինձ մոտ ասոցացվում է բարձր մարդկային արժեքների հետ, չգիտեմ, վեհություն քաջություն. այն ինձ համար իդեալական արժեքների լեզու է: Բոլոր լեզուներով էլ հաճույքով խոսում եմ, բայց օրինակ՝ ֆրանսերենի արտասանությունը չեմ սիրում, հատկապես երբ տղամարդիկ են խոսում, իտալերեն շատ քիչ ուսումնասիրել եմ, ինտոնացիան դուր չի գալիս»,- ասում է Վահանը ու շարունակում.

«Երբ նոր էի համալսարան ընդունվում, շատ միամիտ մտքեր ունեի, այս երկրի դեպքում միամիտ. մտածում էի՝ ինչքան շատ սովորես, այնքան շատ գումար կվաստակես, սակայն այստեղ հակառակն է ապացուցվում, բայց եթե անգամ իմանայի, որ 20 լեզու սովորելու, այդքան աշխատելու դեպքում կրկին քիչ եմ վաստակելու, միեւնույնն է, կանեի: Ես երբեք լեզուն միայն աշխատանք ունենալու կամ գումար վաստակելու համար չեմ ուսումնասիրել: Երբ սկսում ես լեզուներ սովորել, զգում ես, որ մայրցամաքներ են բացվում քո առաջ. նոր մարդիկ, նոր մշակույթ, սկսում ես մտածել տարբեր լեզուներով, նոր բացահայտումներ ես անում, իսկ ամենատպավորիչը այն է, որ կարողանում ես հանգիստ նայել տարբեր լեզուներով հաղորդումներ, գնում ես տուն, մի յոթ լեզվով գիրք կա, չգիտես էլ՝ որից սկսես»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է ստացվում հիշել այդ բոլոր 10 լեզուները եւ թույլ չտալ, որ որեւէ լեզու հետընթաց ունենա, Վահանը պատասխանեց.

«Լեզուն ծաղկի նման մի բան է, պետք է անընդհատ ջրես, որ չթոռոմի: Ես էլ անում եմ. մի լեզվով գիրք եմ կարդում, մյուսով՝ խոսում, անընդմեջ աշխատում եմ»:

 

Սյուզի Մուրադյան

 

 

loading