Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ զեկույցը՝ ՀՀ-ում կոռուպցիայի եւ պատգամավորների վարքագծի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6c632c4c573bb3435c4d015399d85512

Եվրոպայի խորհուրդը հորդորում է Հայաստանին քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: Այս մասին «Ա1+»-ը տեղեկանում է ԵԽ մամլո ծառայությունից։ Հայաստանի վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Զեկույցի հեղինակներն իրականացրել են պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում առկա կոռուպցիայի մոնիտորինգ՝ անդրադառնալով էթիկայի սկզբունքներին և վարքագծի կանոններին, շահերի բախմանը, որոշակի գործունեությունների արգելմանը կամ սահմանափակմանը, գույքի, եկամուտների,  պատասխանատվության և շահերի հայտարարագրմանը,   շահերի բախման վերաբերյալ կանոնների կիրառմանը և իրազեկությանը: «Պետք է հանձն առնել բարեփոխումների բազմակողմանի և համապարփակ գործընթաց՝ Հայաստանում պետական լիազորությունների եւ պետական կառավարման ներկա համակարգի հետ կապված մտահոգող հարցերը լուծելու նպատակով, -ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, -Պետք է ձգտել բարեփոխումների վճռականորեն և առանց հապաղելու: Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այս գործընթացում, և վստահ ենք, որ իշխանությունները կհասկանան մեր հանձնարարականները»: Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը մասնավորապես խորհուրդ է տալիս բարեփոխել պատգամավորների, դատավորների և դատախազների կողմից նվերների ընդունման, գույքի հայտարարագրերի ներկայացնելու, դրանց վերահսկման և կիրարկման կարգերը։ Խորհրդարանական գործընթացերի թափանցիկության հետագա բարելավումը, պատգամավորների հ վարքի նորմերի ընդունումը, պատգամավորների կողմից բիզնես գործունեության սահմանափակումների շրջանցումը կանխելը եւս  հանձնարարականների թվում են: Դատավորների և դատախազների (ներառյալ Գլխավոր դատախազի)նշանակման, առաջխաղացման եւ պաշտոնանկության գործող ընթացակարգերում, ինչպես նաև կարգապահական ընթացակարգերում պետք կատարվեն լրացումներ: Պետք է հետամուտ լինել շրջահայաց քաղաքականության՝ դատավորների և դատախազների վրա անտեղի ազդեցությունը կանխելու, ինչպես նաև շահերի բախումը և դատական մարմինների համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: Մինչև 2017 թվականի ապրիլը Հայաստանի իշխանությունները պետք է զեկույց ներկայացնեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են զեկույցում առկա 18 հանձնարարականները իրականացնելու ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը իր հերթին 2017 թվականի երկրորդ կեսին զեկույց կներկայացնի, որտեղ գնահատականներ կտրվեն այդ քայլերի արդյունավետության վերաբերյալ: Հիշեցնենք, որ  ԳՐԵԿՈ-ն ստեղծվել է 1999 թ.՝ որպես ԵԽ բաց մասնակի համաձայնագիր: Ներկայում խմբի անդամ է 49 երկիր՝ ԵԽ անդամ բոլոր երկրները և ԱՄՆ-ը: Հայաստանը խմբին միացել է 2001 թ. հունվարի 25-ից: Սա չորրորդ փուլի զեկույցն է։