Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք պետք է իրենց արածների համար պատասխան տան». Աճեմյանը՝ Սեդրակյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Karine-Achemyan

«Ես ինքս միշտ շատ հանգիստ աշխատել եմ լրագրողների հետ, ես համարում եմ, որ պատգամավորի պարտավորությունների և պատասխանատվության մեջ է մտնում նաև լրագրողների հետ աշխատանքը: Հանրային մարդիկ, քաղաքական գործիչները պարտադիր պետք է շփվեն նրանց հետ և պետք է շփվեն բարեկիրթ, և դա պետք է լինի երկկողմանի»,- շեշտում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում համակուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: «Ես չեմ պատրաստվում որևէ մեկի արարքի համար պատասխան տալ, որովհետև տարիների ընթացքում մենք անվերջ որևէ մեկի արածը որպես սեփական պատասխանատվություն ենք ընկալում, բայց հասուն մարդիկ ենք, և ամեն պատգամավոր, հատկապես նրանք, ովքեր ընտրողների մեծ զանգված ունեն իրենք պետք է իրենց արածների համար պատասխան տան: Ես, իհարկե, դատապարտում եմ դա, կարծում եմ պետք է կոռեկտ լինել: Եղել են դեպքեր, որ ինքս էլ հայտնվել եմ թիրախում, բայց վիրավորանքներ թույլ չեմ տվել: Եթե հանրային մարդ ես, ուրեմն քննադատությունը, իհարկե, պետք է լինի»,-հավելեց նա: Կարինե Աճեմյանի կարծիքով, սակայն, այս դեպքը կարծես հրահրվում է, քանի որ լրագրողերն այդ երևույթը շատ մեծ լուսաբանման առարկա դարձրեցին: «Սա առաջին դեպքը չի, որ նման բան է լինում, բայց հուսով եմ, որ մեր պատգամավորները որոշակի հետևություններ կանեն և   իրենց այնպես կպահեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն»,-հավելեց տիկին Աճեմյանը: «Հայհոյանք տվող պատգամավորի տեղը արդյո՞ք ԱԺ-ն է»,-հետաքրքրվեցին ՀՀԿ ներկայացուցչից: «Ընդհանրապես հայհոյանք չի կարելի տալ, ես համարում եմ, որ հայհոյանքը որևէ մեկին պատիվ չի բերում և հեղինակությունն էլ չի ավելացնում: Կրկնում եմ, որ պարզապես գտնում եմ, որ հանրային գործիչը իրավունք չունի իրեն այդպես պահել»: Նշենք նաև, որ լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ պահանջելով, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկվի իր պահվածքի համար: Ստորագրահավաքին միացել էին նաև մի քանի պատգամավորներ: Մեր հաջորդ հարցին, թե ինչու Կարինե Աճեմյանը ևս չի միացել այդ ստորագրահավաքին, վերջինս պատասխանեց. «Ինքս չեմ մասնակցել, որովհետև նիստի եմ եղել, բայց չեմ համարում, որ իմ կուսակցի հանդեպ պիտի միտինգի կամ ստորագրահավաքի ձևով խոսեմ»: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր լրագրողներին, ովքեր փորձել էին նրանից հարցազրույց վերցնել: