ԻԱԿ-ը հաղթեց ՍԴ-ում (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի գործով: ԻԱԿ-ը վիճարկում էր մարդկանց տեղեկությունները կադաստրի կողմից վճարի դիմաց տրամադրելու սահմանադրականությունը։ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական։ Հիշեցնենք, որ 2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց: Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Ուստի 2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ սահմանադրական դատարանը 2015թ.-ի նոյեմբերի 3-ի որոշմամբ գործն ընդունել էր քննության: ՍԴ որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից Փետրվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը, «ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ քննության առավ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ Ելնելով քործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց.
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:
- Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին`հաշվի առնելով իրավունքների սահմանափակման առնչությամբ 2015թ. սահմանադրական փոփոխություններով ամրագրված նոր հստակեցումները։
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։