Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորականը հրահանգել է՝ գնացեք ու հետ չգաք

Կարևոր լուրեր Հասարակություն
siriahay

«Երբ այստեղ մարդկանց հետ շփվում եմ, առաջինը, որ լսում եմ նրանցից  «գործ չկա» արտահայտությունն է: Մեր դեպքում էլ է նույնը»,- ասում է սիրիահայ Տիրուհի Պետրոսը, որը 3 տարի առաջ որդու հետ վերադարձավ Հայաստան: Նա պատմում է, որ անչափ դժվար եւ վտանգավոր ճանապարհ են անցել Հալեպից Թուրքիա հասնելու համար: «Մենք չգնացինք Լիբանան, քանի որ ճանապարհը փակ էր: Որոշեցինք Թուրքիայով անցնել, գալ Հայաստան, առանց երկար-բարակ մտածելու մի ճամպրուկ վերցրինք ու միանգամից ճամփա ընկանք: Փորձում էինք շատ զգույշ լինել, քանի որ  ճանապարհից մարդկանց էին փախցնում, մեզ էլ 3 անգամ կանգնեցրին, մեկ  անգամ նույնիսկ տղայիս թաքցրի, որ չտեսնեն: Շատերս  գլխաշոր էինք կապել, որ կարծեին, թե մուսուլման ենք, բայց դե իրենք գիտեին, որ մենք քրիստոնյա ենք: Սակայն մեզ ձեռք չտվին, զինվորներից մեկը միայն ինձ ասաց՝ «գնացեք ու հետ չվերադառնաք, այստեղ ավելի վատ է լինելու»: Այդպես գյուղերի միջով մի կերպ հասանք Թուրքիայի սահմանին: Այնտեղ մի քիչ հանգիստ էի, դե, մեզ էլ լավ ընդունեցին, ես էլ թուրքերեն գիտեի, թեպետ շատ չմնացինք էլ այնտեղ, վարորդը միանգամից բերեց Գյումրի. ամուսնուս քեռին իր ընտանիքով այստեղ է ապրում»: Տիկին Տիրուհին նշում է, որ Հայաստանը շատ լավ վայր է ապրելու համար, եթե մարդն ունի աշխատանք եւ կարողանում է գոնե հոգալ որոշակի ծախսեր: «Ես Հալեպում բուժքույր էի, ամուսինս՝ խառատ: Երբ սկսեցին սպառնալ ամուսնուս, թե կսպանեն, նա վերադարձավ այստեղ դեռ մեր գալուց առաջ: Սկզբում աշխատում էր, հետո հիվանդացավ ու դրա պատճառով աշխատանքից հեռացրին: Երբ արդեն երկար ժամանակ գործ չուներ, որոշեց գնալ Ռուսաստան, բայց  դե առանձնապես տարբերություն չզգալով՝ կրկին այստեղ վերադարձավ: Հիմա նա Երեւանում է աշխատում, ես էլ ստիպված մնում եմ Գյումրիում տղայիս մոտ, այստեղ է դպրոց գնում: Տղաս սիրեց դպրոցը, սկզբում մի փոքր նեղվում էր, ասում էր՝ «ինչու եկանք այստեղ, հետ եմ ուզում գնալ», հիմա էլ որ հարցնում եմ, Հալեպ չի ուզում վերադառնալ: Ես էլ այստեղ աշխատում էի խմորեղենի գործարանում, բայց հնարավոր չէր այլեւս մնալ,  12-14 ժամ աշխատում էի, ընդամենը  2000 դրամ էի ստանում: Հիմա Երեւան եմ գնում-գալիս, հուսամ՝ կգտնեմ մի աշխատանք: Ինձ համար կապ չունի՝ Գյումրի, Երեւան, կարեւորը աշխատանք լինի, հնարավոր լինի ապրել: Նույնիսկ կազմակերպություններին եմ դիմել այդ հարցով, քանի որ միայն նյութական օգնություն տրամադրելով չի լինի. մեկ օգնեն, երկու, հո ամբողջ կյանքս չե՞ն օգնելու:  Աշխատանք որ լինի, օգնության կարիք էլ չի լինի»: Նա նաեւ նկատում է, որ այստեղ մարդիկ շատ ավելի զարգացած են, քան Սիրիայում, սակայն, այնուամենայնիվ, առանձնացնում է որոշ հատկություններ, որոնք բնորոշ չեն սիրահայերին: «Ես այստեղ չկարողացա գտնել այն անկեղծությունը, ջերմությունը, որը կար Հալեպում: Այստեղ ես չեմ հասկանում՝ դիմացինդ անկեղծ է, թե ոչ: Առհասարակ այնտեղ հայերս շատ համախմբված էինք. միգուցե նրանից էր, որ քիչ էինք, օտար տեղում էինք: Մի բան էլ եմ նկատել. 3 տարի է այստեղ Նոր տարի եմ նշում, այնտեղի ուրախությունը չեմ զգում:  Այստեղ մարդիկ Նոր տարի են նշում, սեղան են գցում, կարծես, ուրիշների համար, այլ ոչ թե իրենց: Հալեպում մենք բոլոր հարազատներով, բարեկամներով հավաքվում, քեֆ էինք անում ու այդպես նշում: Ես նախքան գալս ընդամենը մեկ անգամ եմ այստեղ եղել՝ 1991 թվականին, այդ տարիներից ի վեր այստեղ ամեն ինչ իրոք շատ փոխվել է: Չգիտեմ, միգուցե դա ժողովրդի վիճակից է, բայց ես նկատել եմ, որ  ուրախությունը առաջվանը չէ»: Տիկին Տիրուհին նաեւ ասաց, որ միայն հանուն տղայի է վերադարձել Հայաստան ու հաղթահարել բազում դժվարություններ: «Հալեպում բոլորս աշխատում էինք, տղաս տանը մենակ էր մնում, էլ չէի կարող այդպես թողնել, այդ վախը անընդհատ կար, որ հանկարծ  մի օր մի բան կլինի: Իր  ապահովության համար եմ եկել այստեղ: Ես մտածեցի՝ կգամ, հետո երկիրը մի քիչ կհանդարտվի, կգնանք, գոնե  մեր ունեցածը կբերենք, բայց ավելի վատացավ: Ամեն դեպքում, հիմա տղաս շատ ուրախ է, շատ է սիրում քաղաքը: Կարեւորը իր անվտանգությունն է: Երկու աղջիկ էլ ունեմ, մեկը ընտանիքով ապրում է Լաթաքիայում, մյուսն էլ երկու ամիս առաջ գնաց Կանադա. իմ ծնողները, հարազատները այնտեղ են, բայց ես նախընտրում եմ Հայաստանը:   Ես փորձում եմ լավատես լինել,  անընդհատ չհիշել Հալեպում ապրած տարիները, որ ավելի վատ չզգամ:  Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի, պարզապես ամեն անգամ  նաեւ հիշում եմ, որ այստեղ շատ ընտանիքներ մեզնից էլ վատ են ապրում»: