«Կիսենք նաեւ մարզերը՝ Գեղարի և Ունիքի մարզեր» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարելով, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք քվեարկում է իր խղճի մտոք. «ՀՅԴ-ՀՀԿ այս համագործակցությունն ունի մեծ իմաստ ու նպատակ՝ մեկտեղել ուժերը, այլ ենթադրություններ անել պետք չէ»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ նման երկրում անձերը մեծ նշանակություն ունեն. «Օրինակ՝ Վանո Սիրադեղյանը, որը կոնստրուկտոր է եղել, կառավարության նիստերին չի մասնակցել, ու էլի շատ գործիքներ արհամարհել են, սակայն լավ էլ առաջ են գնացել, քանի որ քաղաքականություն կերտող են եղել, այլ ոչ թե հանձնարարություն կատարող: Էդ ո՞նց եղավ, որ հինգ հոգանոց խմբակցությանը հրավիրում են կոալիցիա, իսկ երեսուն հոգանոց մեր խմբակցությանը՝ ոչ: Ոչ, ինձ ճիշտ հասկացեք, ես գտնում եմ, որ խնդիրը քանակի մեջ չէ, այլ մեծ նշանակություն է ունեցել Սփյուռքը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Կատեգորիկ ելույթները շարունակվում են: Կոչ եմ անում՝ դանդաղ շտապել, ամեն բան իր ժամանակին, ամեն մեկին իր առաջարկությունները կտրվեն»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթն աչքի ընկավ սարկազմի սուր երանգներով. «ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը վճռական դեր է ունենալու հայ ժողովրդի ճակատագրի վրա: Ժողովուրդը սպասում է վաղուց ու սրտատրոփ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի նշանակմանը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին: Աշոտյանն ու Ճշմարիտյանը ազատվելու են պաշտոններից ու նշանակվելու են ՀՅԴ-ականներ: Սա անթույլատրելի անարդարություն է ու ոչ կառուցողական, չէ որ մենք բազմամյա գեղեցիկ ավանդույթ ունենք միացնելու ու տարանջատելու: Օրինակ՝ առաջարկում եմ Աշոտյանին նշանակել Լուսավորության, Լեւոն Մկրտչյանին՝ Կրթության, Ճշմարիտյանին՝ ՀՀԿ հավատարիմ, Առեւտրի, ՀՅԴ մեր գործընկերոջը՝ Էկոնոմիկայի նախարարներ: Սա արդեն հավատարիմ կլինի այն իդեաներին, որոնք հնչեցին Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությանը՝ ոչ թե նախորդ, այլ այս տարվա: Մի երկու գյոզալ մարզպետ էլ է զոհաբերվելու: Առաջարկում եմ կիսել նաեւ մարզերը: Օրինակ՝ Արագածի եւ Ոտնի, Գեղարի ու Ունիքի մարզեր: Իհարկե, սա սուգուբո ՀՅԴ-ՀՀԿ փոխհարաբերության հարց է»: «Վերջին մասը շատ պերեդոզ էր»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ պետք է զսպել նախանձն ու չարությունը եւ տեսնել, թե ինչ արդյունքներ կտա այդ համագործակցությունը. «Իսկ ձեզնից որեւէ մեկը մի փուշ հանե՞լ է ժողովրդի մատից»: