Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորապսակների օրհնության կարգ՝ Էջմիածնում

Քաղաքականություն
hars

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Տեառնընդառաջի տոնը: Այս տարի Տեառնընդառաջը համընկել էր Մեծ Պահքի երկրորդ շաբաթվա` Արտաքսման կիրակիի հետ: Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ.  Պարթև վարդապետ Բարսեղյանը: Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձավ Տեառնընդառաջի խորհրդին և քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարևորությունը: «…Ավետարանական այսօրվա դրվագում մենք հանդիպում ենք նաև հայկական ավանդական ընկալմանը հարազատ ընտանիքի մի պատկեր, որը Հովսեփն ու Մարիամն են: Նրանք, վերցնելով իրենց մանկանը` Մանուկ Հիսուսին, եկան տաճար` իրենց հետ բերելով մեկ զույգ տատրակ և աղավնու երկու ձագեր: Ընտանիքի այս օրինակը ուսուցանելի է մեր օրերում ևս: Հատկապես այն նորապսակ զույգերի համար, ովքեր պատրաստվում են փոխադարձ սիրով և ամուր վստահությամբ կառուցել ընտանեկան իրենց հարկը: Ընտանեկան հարկը մի փոքրիկ եկեղեցի է, որտեղ տղամարդը սյունն է, իսկ կինը` եկեղեցու պաշտոնյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր՝ այն հույսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստուծո օրհնությունը, Հովսեփի և Մարիամի օրինակով ամուր շաղախված սիրով և վստահությամբ կկառուցեն իրենց ամրոցը` հավատարիմ մնալով հայրենավանդ մեր սրբություններին և նվիրագործված ավանդույթներին», - ասաց նա: hars1 Դիմելով նորապսակներին` Հայր Սուրբը հավելեց. «Այս օրը Հովսեփն ու Մարիամն իրենց հետ տաճար էին բերել ոչ թե նոխազ, զվարակ, որ բերում էին մեծահարուստները, այլ պարզ ու վայելուչ ընծաներ էին բերել, որոնցից տատրակը խորհրդանշում է ողջախոհություն և հավատարմություն, իսկ աղավնին` հանդարտություն և հեզություն: Տատրակը բացառիկ կերպով հավատարիմ է իր կողակցին, իսկ աղավնին հոգ է տանում ոչ միայն իր, այլև այլոց ձագերին»: hars2 Վերջում Հայր Պարթևը մաղթեց, որ այս առաքինությունները բոլոր նորապսակների կյանքից անպակաս լինեն և իրենց ողջախոհությամբ, հավատարմությամբ ու հեզությամբ նրանք լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակները: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Նորին Սրբության, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները: Արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցեց սարկավագներին՝ նշելով, որ իր համար` իբրև Ամենայն Հայոց Հովվապետ, հաճելի է տեսնել, թե ինչպես են մեծ թվով սարկավագներ կազմել ընտանիքներ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ շատերն Աստծու կամոք մոտ ապագայում կհամալրեն եկեղեցականների շարքերը` իրենց նվիրյալ ծառայությունը բերելու քահանայության աստիճանով: Դիմելով նորապսակ սարկավագների կանանց՝ Նորին Սրբությունը պատգամեց, որ վերջիններս լինեն իրենց սարկավագ ամուսինների աջակիցներն ու լավագույն գործակիցները հոգևոր առաքելության իրականացման ողջ ընթացքում: Վեհափառ Հայրապետը նաև մաղթեց, որ նորապսակ երիտասարդները լինեն երջանիկ, միմյանց սիրող ու կարեկից, միասնաբար լուծեն կյանքի բոլոր դժվարությունները, և աստվածային խաղաղությունն ու սերն անպակաս լինեն ամենքից: Փառք և գոհություն վերառաքելով առ Աստված՝ Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ շնորհիվ հայ հոգևորականների անձնվիրաբար ծառայանվիրումի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին օրեցօր զորանում է, իսկ բարեպաշտ հայորդիները՝ համախմբվում Հայ Եկեղեցու շուրջը: ###