Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Վալենտին VS Սուրբ Սարգիս

Կարևոր լուրեր Քաղաքականություն
valentin

Փետրվարի 14-ը աշխարհի շատ երկրներում տոնում են իբրեւ Սիրահարների օր: Սուրբ Վալենտին անունը կրող տոնից անմասն չեն մնում նաեւ հայ սիրահարները, թեպետ  Առաքելական Եկեղեցին ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեզանում առավել մեծ տարածում գտնի հայ սրբի՝ Սարգսի տոնը: Տարեցտարի, իհարկե, ավելանում  է Սուրբ Սարգիսը տոնող երիտասարդների թիվը, սակայն դրան զուգահեռ չեն պակասում նաեւ Սուրբ Վալենտինը նշողները: Տոնից մեկ շաբաթ առաջ արդեն սրճարանները, ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերը տոնին համահունչ միջոցառումներ են կազմակերպում, իսկ խանութներում  ավելանում է ռոմանտիկ ատրիբուտների քանակը: Շատերը պնդում են, որ Սուրբ Վալենտինի տոնը հենց սրա համար է՝ լրացուցիչ գումար աշխատել սիրահար զույգերի հաշվին, եւ որ նման սուրբ իրականում չկա: Լեգենդներից մեկի համաձայն՝ Վալենտինը քահանա է եղել, ով գաղտնի ամուսնացնում էր սիրահար զույգերին, քանի որ հռոմեացի տիրակալ Կլաուդիոս Երկրորդն արգելել էր մարտի մեկնող տղաներին ամուսնանալ: Սակայն շուտով Վալենտինի գործունեությունը բացահայտվում է եւ նրան բանտարկում են: Բանտում գտնվելու ընթացքում Վալենտինը ծանոթանում է Յուլիա անունով մի աղջկա հետ եւ սիրահարվում նրան: Քահանային, սակայն, մահապատժի են ենթարկում: Համաձայն լեգենդի՝ դա տեղի է ունենում հենց փետրվարի 14-ին: Այդպես է դա, թե ոչ, որեւէ մեկը հստակ չի կարող ասել, բայց այն, որ Սուրբ Վալենտինը մնում է սիրո գլխավոր տոնը աշխարհում, ակնհայտ է: «Ա1+»-ը փոքրիկ հարցում է անցկացրել սոցիալական ցանցերում գրանցված երիտասարդների շրջանում եւ պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք այս տոնի նկատմամբ: Հարցմանը մասնակցածների մեծամասնությունը պատասխանել է, որ սիրով տոնում է կամ կտոնի Սուրբ Վալենտինը: Մինեւնույն ժամանակ նրանք նշել են, որ տոնում են նաեւ Սուրբ Սարգիսը: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ Սիրահարների տոնը պարզապես եւս մեկ առիթ է միմյանց ներկայությունը վայելելու, իրար նվերներ մատուցելու կամ ժամանցը պարզապես ավելի հետաքրքիր դարձնելու, այլ ոչ թե օտար սրբին հարգանքի տուրք մատուցելու, ինչպես երբեմն մեկնաբանվում է: Մեզ հետ զրույցում 26-ամյա Մարին նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ ընկերոջ հետ տոնում է Սուրբ Վալենտինը: «Ես էլ, ընկերս էլ միմյանց համար նվերներ ենք գնում, իսկ երեկոյան որեւէ տեղ գնում»,-ասաց նա: Հարցին՝ տոնու՞մ են, արդյոք, Սուրբ Սարգիսը, Մարին պատասխանեց, որ հատուկ նվերներ չեն անում միմյանց, սակայն այդ օրը պարտադիր եկեղեցի են գնում: Լինի Սուրբ Սարգսի, թե Սուրբ Վալենտինի տոն, սիրել եւ սեր խոստովանել պետք է ամեն օր, իսկ տոները, նվերներն ու անակնկալները ընդամենը պետք է լրացնեն ձեր սերը: