Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ ՌԴ-ից «էժան ու թարմ» մեքենաներ չեն ներկրում  

Կարևոր լուրեր Տնտեսություն
avtonerkroxner

Հայաստանի ավտոներկրողները միավորվել են՝ կառավարությունից պահանջելով վերնայել ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 20 % ավելացված արժեքի հարկային վարչարարությունը: Այսօր Երեւանի ավտոշուկայի հարակից տարածքում նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: «Ա1+»-ի հետ զրույցում ավտոներկրողներից Կամո Մարությանն ասաց, որ իրենց հիմնական պահանջն է, որպեսզի Ռուսաստանից ներմուծվող ավտոմեքենաների համար գործող 20 % ավելացված արժեքի հարկը վերացվի: «Եթե հարկը հանվի, ապա ավտոներկրողները Ռուսաստանից ավելի էժան եւ թարմ ավտոմեքենաներ կներկրեն»,-նշեց նա՝ հավելելով, որ Վրաստանում, ճիշտ է, մեքենաներն ավելի թանկ են ու հին, սակայն ԱԱՀ-ն ավելի քիչ է, ուստի շատերը նախընտրում են հենց Վրաստանից ներկրել մեքենաներ: «Ենթադրենք մեքենան 10 տարեկան է, 20 % ԱԱՀ, գումարած՝ տարեկան 2% բնապահպանական հարկ, ընդհանուր հարկը ստացվում է 40%, միչդեռ նույն մեքենան Վրաստանից ներկրելու դեպքում ընդհանուր հարկը կկազմի 32%»,-ասաց ավտոներկրողը: Հարցին, թե այդ դեպքում, ինչու՞ են ցանկանում հենց ՌԴ-ից ներկրել ավտոմեքենաներ, Կամո Մարությանը պատասխանեց, որ Ռուսաստանում ավելի շատ են արտասահմանյան մեքենաներ արտադրում, բացի այդ դոլար-ռուբլի հարաբերակցության արդյունքում այժմ ավտոմեքենաների գինն ավելի է էժանացել: Ավտոներկրողները հինգշաբթի օրը պատրաստվում են բողոքի իրենց ակցիան շարունակել կառավարության առջեւ: