Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձախողեց մեկնարկը

Սպորտ
գագիկկկ

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող չմեկնարկեց Ցյուրիխի արագ շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր կայացան առաջին երկու տուրերի պարտիաները: Առաջինում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով շատ արագ՝ 19 քայլում, պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Երկրորդ տուրում մեր շախմատիստը հանդիպեց աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոնի՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Լեւոն Արոնյանը խաղի ընթացքում չնայած գերադասելի դիրք եւ որակական առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի: Արդյունքում, 49-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է ընդամենը մեկ միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի եւ լիտվացի Ալեքսեյ Շիրովի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որը տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 4 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 2, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր): Վաղը կկայանան 3-4-րդ տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանը նախ սպիտակներով կփորձի կոտրել Անիշ Գիրիի դիմադրությունը, ապա սեւերով կմրցի Ալեքսեյ Շիրովի հետ: