Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաղթահարում ենք մարտի 1-ի վախը»

Հասարակություն
armen2

«Մեր հասարակությունը բազմիցս ցույց է տվել, որ վճռական պահերին համախմբվում է, չկա անտարբերություն, պետք է պարզապես առաջադրել հստակ օրակարգային խնդիր:  Այնուամենայնիվ, այժմ մենք ունենք մտածելակերպի լուրջ խնդիր, մեր սոցիալական բողոքը ավելի շատ արտահայտվում է ոչ թե սեփական պայքարով, այլ օդանավակայաններում երկիրը լքելով: Այո, սա սոցիալական բողոքի ձեւ է»,- ասում է Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ, «Ազգային ոգի» երիտասարդական շարժման ղեկավար Արմեն Ներսիսյանը՝ ընդգծելով, որ այժմյան ճգնաժամային իրավիճակից միակ ելքը ժողովրդի մտածելակերպի, արժեհամակարգի փոփոխությունն է: Նա նկատում է, որ քաղաքացիները այժմ ավելի հստակ են արտահայտում իրենց դիրքորոշումը, ինչը, նրա խոսքով, վկայում է անկախության, ոչ ստրկամիտ սերնդի ձեւավորման մասին: «Որպես օրինակ վերցնենք հենց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցերը: Այս պայքարը ոչ թե 7 դրամի, այլ սեփական արժանապատվության, տեսակի պայքար էր, եւ անկախ արդյունքից՝ այն կատարեց մի շարք կարեւոր շեշտադրումներ: Երիտասարդությունը ցույց տվեց, որ հավակնություն ունի ապագայում իրոք լինելու երկրի տերը, որ հենց իր երկրում է տեսնում իր ապագան, չի արտագաղթելու: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումով իշխանությունները հարվածեցին յուրաքանչյուր մարդու ինքնասիրությանը, եւ քաղաքացիները հասկացան, որ  իրավունքի համար պայքարելը ամոթ չէ, սխալ չէ, այլ պարզապես անհրաժեշտ է: Կոնկրետ ինձ համար այդ պայքարում մեծ բացահայտում էր այն, որ այդ պայքարը այլ կերպ էր արտահայտվում՝ ազգային դիմագծով, երգ ու պարով, վերաբերմունքով եւ ոչ մի ագրեսիա: Երիտասարդները երգում, պարում էին, չէին մոռանում մաքրել տարածքը»: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի անցկացման շրջանում ասուլիսներից մեկի ընթացքում պրն. Ներսիսյանը մասնավորապես նշել էր՝  «միֆը, որ իշխանությունների դեմ խաղ չկա, հօդս է ցնդել»: Այն հարցին, թե սահմանադրական փոփոխությունների կեղծիքներից, դիտորդ մարմինների եւ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց ընդհուպ մինչեւ  ակտիվիստների  նկատմամբ բռնություններ ու ճնշումներ կիրառելուց հետո այժմ ինչպես կբնութագրի իր տվյալ պնդումը, նա պատասխանեց. «Սա իշխանությունների գործելաոճն է, եւ բնականաբար, դժվար է միանգամից դրանից հրաժարվել: Փորձը իրոք ցույց տվեց, որ անգամ այդ բռնություններից հետո այդ հնացած մեթոդները չեն աշխատում, մարդիկ շարունակում են պայքարել: Կգա ժամանակ, որ նրանք ստիպված կլինեն հրաժարվել այդ բռնի մեթոդներից, իսկ ովքեր  մնացել են հին տրամաբանության մեջ, շատ արագ դուրս են թռչելու: Սա  այլընտրանք չունեցող ընթացք է, որը տանում է դեպի իրական ազատություն: Իմ շատ լավ ընկերներից մեկը՝ ակտիվիստ Կարեն Ավագյանը հրապարակային ելույթներից մեկի ժամանակ ասաց՝ «այսօր կարծես հաղթահարում են մարտի 1-ի վախը», այո,  երիտասարդը կամ ծնողը, որը գիտակցաբար այդ երիտասարդին թույլ է տալիս մտնել այդ ամենի մեջ, այլեւս չի վախենում այդ պայքարից»: