Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա հոտ չէ, որ մահակով խոսեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
pavel-manukyan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննարկումն այսօր հետաձգվեց: Գործով քննիչը չէր ներկայացել դատարան: «Հունվարի 3-ից մինչ այս պահը որեւիցե քննություն չի կատարվել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:  Մենք ենք միջնորդություններ ներկայացրել, որպեսզի հարցաքննեն, առերես հարցաքննություն կատարվի, մեր միջնորդություններին էլ որեւէ պատասխան չի տրվել»,- նիստից հետո ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանքի տակ է գտնվում հունվարի 3-ից: Նա մեղադրվում է Ազատության հրապարակում Ամանորի գիշերը   ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Սակայն պաշտպանը նշում  է՝ տեսագրությունը բոլորովին այլ բան է ցույց տալիս:  Նա   Գեւորգ Սաֆարյանին մեկուսացնելու մեջ միտում է տեսնում. «Ինձ թվում է՝ Գեւորգ Սաֆարյանին ազատությունից զրկել են, որպեսզի չզբաղվի իր քաղաքական գործունեությամբ» : Գեւորգ Սաֆարյանի գործով հայտարարություն է տարածել նաեւ «Human Rights Watch»  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` կոչ անելով  Հայաստանի իշխանություններին ազատ արձակել «Նոր Հայաստան» քաղաքական շարժման  ակտիվիստին,  եւ  իրականացնել  անկողմնակալ հետաքննություն: «Սերժ Սարգսյանը, եթե անմիջապես ենթարկվեր Human Rights Watch պահանջին, դա իր շրջապատում պետք է դիտվեր թուլության նշան: Վերջին երկու ամիսը անընդհատ փորձում է ցույց տալ, որ ուժեղ է»,- համոզված է «Նոր Հայաստան» փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Ազատամարտիկ Պավել Մանուկյանը համոզված է՝ Գեւորգ Սաֆարյանին ազատ են արձակելու: « Ոչ մի հիմք չունեն, ինչ որ կատարվում է,  դեռ չեն կողմնորոշվել:  Իրենք զգում են, որ ըմբոստության ալիքը կարող է սրբել- տանել ամեն ինչ:  Սա հոտ չէ, որ մահակով խոսեն»: Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակվելու գործով ինչ որոշում կկայացնի դատարանը, պարզ կդառնա երկուշաբթի օրը: