Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրիկ Կլեպտոն և Բոբ Մառլի՝  նոր մոտեցմամբ

Մշակույթ
Diana-nkar-nvagaxumb

Փետրվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «D’Black Blues Orchestra» նվագախմբի համերգը, որին մասնակցելու է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգը նվիրված է աշխարհահռչակ  բլյուզ երաժիշտ Էրիկ Կլեպտոնի 70-ամյա հոբելյանին: Նվագախմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ իրենք Հայաստան են ժամանել, սակայն նման մեծամասշտաբ համերգային ծրագիր Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու: Հնչելու են կատարումներ Էրիկ Կլեպտոնի և Բոբ Մառլիի երգացանկից: «Այսպիսի ձևաչափով համերգի վրա մենք աշխատել ենք շուրջ մեկ  տարի: Ես չէի ցանկանա հիմա բոլոր փակագծեր բացել և պատմել, թե ինչ է լինելու, քանզի երաժշտությունը պատմելու բան չէ, այն պետք է վայելես: Չկա վատ երաժշտություն, կան  ուղղակի վատ երաժիշտներ»,-ասաց Վլադիմիր Ավետիսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝  Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթացել է հենց այսօր, սակայն վստահ է, որ շատ գեղեցիկ համերգ է ստացվելու և արդյունավետ համագործակցություն: Նրա խոսքերով՝ ինքն անձամբ ծանոթ չի նաև Էրիկ Կլեպտոնին, սակայն դեռ մանկուց եղել է նրա երաժշտության սիրահարը: Եղել է նաև Կլեպտոնի լոնդոնյան գրասենյակում: «Այս համերգը շատ եմ կարևորում, որովհետև նման նվագախմբի հետ ենք հանդես գալու և  հնչելու է երաժշտություն, որը շատ հայտնի է, սակայն նման ձևաչափով առաջին անգամ է ներկայացվելու: Ամենակարևորը մեզ համար որակն է»,-շեշտեց Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նվագախմբի երաժշտական մասին ղեկավար Պավել Պլակսինն էլ իր հերթին կիսվեց Հայաստանում ստացած իր տպավորություններով: «Այստեղ ես կարծես օդային տարածքում լինեմ, ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվելը, նոր մարդկանց հետ ծանոթանալը, այստեղի երաժիշտների հետ շփվելը:  Կարծում եմ, որ այս էքսպերիմենտալ համերգը հրաշագեղ է ստացվելու»,-ամփոփեց Պավել Պլակսինը: