Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միեւնույն է՝ չեք ընտրվելու». ՀՀԿ-ականը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
DrJDxUMGFZc

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է  Զարուհի Փոստանջյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու հարցը։ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, կրկին հարց տալով, նախ ասաց, որ տիկին Փոստանջյանը զարմանահրաշ մտքեր արտահայտեց, պատմական էքսկուրս արեց. «Ձեր անձի հետ կապված որեւէ խնդիր չունենք, հատկապես ես, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ դուք աշխատանքի փնտրտուքի մեջ եք, քանի որ այս գումարման ԱԺ-ն ավարտվում է: Եթե այդպես է, ապա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք ուզում օմբուդսմեն դառնալ, միեւնույնն է՝ դուք չեք ընտրվելու, քանի որ իշխանությունն ավելի շատ ձայն ունի ու անհայտ է՝ ձեր խմբակցությունից ձայն կտա՞ն ձեզ, թե ոչ»: «Ես կարող եմ արժանավայել վաստակ ունենալ: Ես փոթորիկի մեջ եմ ինձ տեսնում ու իմ տեղը պայքարն է: Այն ինձ համար ավելի գերադասելի է, քան ինչ-որ այլ աշխատանք ունենալը»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը որոշեց ռեպլիկ ուղղել Զարուհի Փոստանջյանին. «Ավելի լավ է լինել կատվի գլուխ, քան առյուծի պոչ»: «Ես չգիտեմ՝ ինչի պոչ ու գլուխ, բայց իմ պաշտպան լինելու ընթացքում շատերն են ասել, որ ինչ լավ կլիներ, եթե իմ պաշտպանը լիներ Զարուհի Փոստանջյանը: Բոլորիդ այդ հնարավորությունը ընձեռված կլինի: ԱԺ լիագումար նիստին քվեարկությունը գաղտնի է լինելու ու ձեր խղճի մտոք ընտրեք: Ես չեմ հրաժարվել այլընտրանք լինել: Թող ՀՀԿ-ն միշտ իմանա, որ ինքը մրցակից ունի»: Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ օմբուդսմեն դառնալով՝ Զարուհի Փոստանջյանը մի քանի մակարդակ կիջնի. «Մինչդեռ որպես պատգամավոր լավագույնս կկարողանայիք պայքարել: Դուք ընդդիմության առաջնորդ եք, եթե դուք ընտրվեիք ԱԺ նախագահ, ապա հասկանալի կլիներ, որ դուք լավագույնս  կպայքարեիք»: «Ուզում եք համոզել, որ մնա՞ պատգամավոր»,- նկատեց Արծվիկ Մինասյանը: «Հա, ուզում եմ համոզել, որ մնա»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանի պատասխանները բացառապես քաղաքական են, ինչպես եղել են ԱԺ ամբիոնից: Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը առաջադրած էդմոն Մարուքյանը նկատեց, որ հարցերը քաղաքական են, հետեւաբար՝ պատասխաններն էլ նույն կերպ են: «Խնդրում եմ, մի ընդհատեք, պահպանեք ընթացակարգը»,- կոչ արեց Հովհաննես Սահակյանը: «Դուք գերազանցում եք ձեր լիազորությունները»,- հայտարարեց Հովհաննես Սահակյանը: