Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ գործարարը որոշել է հեռանալ

Հասարակություն
siriahayer

Սիրիահայ Արաքս Ստեփանյանն ամուսնու՝ Ռոբեր Մուսսալլիի և երկու զավակների հետ 2012 թվականի օգոստոսին Հալեպից տեղափոխվեց Հայաստան: Պատերազմը Սիրիայում նոր էր սկսվել. «Մենք մեկ ամսով պտույտի պիտ գայինք այստեղ, բայց որ այդ վիճակն էր, սկսած էին օդանավով զարկել, մենք որոշեցինք մնալ հոս մեկ տարի: Բայց այդ մեկ տարին դառավ չորս»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց տիկին Արաքսը: Հալեպից դուրս եկած ծանոթների հետ նա այժմ էլ կապի մեջ է, ասում է՝ մեծ մասը դժգոհ էր հայաստանյան ապրելակերպից: «Հալեպցիներեն հարյուրից ութսունը չհաջողեցին, գնացին այլ երկրներ»: Ինչպե՞ս իրենք սկսեցին կյանքը հայրենիքում. «Առաջին տարին մեր ունեցած դրամով կապրեինք, որ Հալեպեն էինք բերել: Հետո սկսինք գործ փնտրել: Ամուսինս՝ երկու գործընկերների հետ բացած է «Միստր բարբեքյու» սննդի կետը: Ես ալ կօգնիմ խոհանոցում»: Իսկ Հալեպում տիկին Արաքսի չորս հոգանոց ընտանիքն ապրել է սեփական էլեկտրատեխնիկայի խանութից ստացված եկամտով: Հիմա, համեմատելով Հալեպի և այստեղի կյանքը, նշում է. «Համեմատելու բան չէ. հոն շատ-շատ գոհ էինք, հոս՝ շահ չկա: Երբ շահ ըլլա, չեն մտածեր գաղթեր: Հոս ալ ապահով է, ինչպես հոն՝ Հալեպ, բայց երբ չկա եկամուտը, ինչո՞ւ մնանք, պիտի գաղթենք: Շատ դժվար է: Եկանք հոս, բայց չհաջողեցանք, ուրեմն պիտի գնանք այլ տեղ»,-շեշտեց նա: Տիկին Արաքսը նաև մատնանշեց բիզնեսի համար կատարվող վճարումները. «Հարկը, տուրքը բարդ է շատ: Օրենքը չի գործեր: Սուրիա եթե մեկը բիզնես բանա, առաջին երկու տարին տուրք չեն առներ: Իսկ հոս տեղ բիզնես չես բացած՝ արդեն հարկ կուզին»: Նա ամուսնու հետ վճռել է. երբ Հալեպը խաղաղվի, ետ են վերադառնալու այնտեղ: