Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ-ում չարաշահումների մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
DESPAN-NKAR

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ֆեյսբուքյան ճեպազրույցին պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ինչո՞ւ Միացյալ նահանգները բավարար պահանջկոտություն չի դրսևորում ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խոստացված արդյունքներն ապահովելու համար, և ինքն ինչպե՞ս է պատկերացնում նշված ոլորտներում ակնկալվող ձեռքբերումները, պատասխանել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար և կոշտ պայքար է: Դա պայքար է, որ մենք ամեն օր մղում ենք Միացյալ Նահանգներում, և դրա լուծումը անհնարին նպատակներ դնելը չէ: Խնդրի լուծումը գործնական և իմաստալից արդյունքների հասնելու պատրաստ լինելն է: Ես կարծում եմ, որ Հայաստանում եղել են դրական ձեռքբերումներ, հատկապես Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող կառավարության հիմնական ծառայությունների առումով: Այն հայերից, որոնց հետ ես զրուցել եմ, լսել եմ, որ նրանք ի վիճակի են օգտվել կառավարության ծառայություններից թափանցիկ ձևով, առանց կաշառք տալու և առանց ազդեցության այլ լծակներ օգտագործելու: Օրինակ, ըստ Համաշխարհային բանկի Doing Buisness զեկույցի, Հայաստանը բարելավել է բիզնեսների կարողության ղեկավարումը՝ հարկերի ու մաքսային վճարումներն անել թափանցիկ ու բաց ձևով։ Ըստ զեկույցի` 2012-ին Հայաստանը եղել է 153-րդ տեղում: Անցած տարի այն եղել է 41-րդ տեղում։ Դա մի փաստ է, որով կարելի է հպարտանալ և ոգևորվել: Ես գիտեմ, որ դեռևս առկա են էական խնդիրներ, խոշոր շահեր ունեցողներ, որոնք օգտագործում են իրենց տնտեսական և քաղաքական ուժը՝ անարդար ձևով մրցակիցներին դուրս հանելու և առանձնահատուկ շահ և դրամական միջոցներ ստանալու համար։ Բայց հայերի հետ զրույցներից ես նաև գիտեմ, որ նրանք պատրաստ են պայքարել դրա դեմ, և նրանք դա չեն ընդունում որպես հայկական արժեք կամ բիզնեսի ստանդարտ գործող կարգ Հայաստանի համար։ Դեսպանատունը կանգնած է այն հայերի կողքին, որոնք պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ, պատրաստ է տրամադրել այն գործիքները, որոնք անհրաժեշտ են այդ պայքարի համար և գրանցել այն ոլորտները, որտեղ կա առաջընթաց և ավելին անելու անհրաժեշտություն։ Դեսպան Միլսը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև շփման գծում իրավիճակի մասին հարցերին։ «Լեռնային Ղարաբաղի հարցին չի կարող լինել տևական լուծում ռազմական ճանապարհով։ Բախումների սրացումը շփման գծում և հռետորաբանությունը խորապես մտահոգիչ է ԱՄՆ կառավարության համար։ Իմ կարծիքով՝ հակամարտության գծում սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով սրացման հնարավորությունը իրական է։ Դա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները երկու կողմերին հորդորում են քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու և իրավիճակը հսկելու մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ։ Սա մի թեմա է, որ քննության առնվեց դեկտեմբերին Շվեյցարիայի Բեռն քաղաքում երկու նախագահների հանդիպման ընթացքում։ ԱՄՆ համանախագահ դեսպան Ուորլիքն աշխատում է մյուս համանախագահների հետ միասին՝ երկխոսությունն առաջ տանելու նպատակով»,- գրել է նա։