Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանի գործով դատարանը որոշում չկայացրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում չհրապարակեց: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել՝ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը դատարանին ներկայացնելու համար:   Դատական նիստին առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցում նաեւ Վահան Շիրխանյանը: Գործով քննիչը Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու համար մի շարք հիմնավորումներ է նշել: «Ազատության մեջ մնալով՝ Վահան Շիրխանյանը կխոչընդոտի գործի նախաքննությանը՝ դատավարության մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու եղանակով եւ նշվել է, որ առերեսումներ, հարցաքննություններ դեռ պետք է կատարվեն»,- քննիչի միջնորդությունից մեջբերում է անում Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանը նշում է, որ Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Սակայն հիմա Ստեփան Ոսկանյանին ավելի շատ անհանգստացնում է Վահան Շիրխանյանի առողջական վիճակը: Նա ոտքերի հետ կապված խնդիրներ ունի եւ չի կարողանում տեղաշարժվել: «Ոտքի երակներում կա թրոմբ, որն արդեն տեղաշարժվել է, եւ այս պայմաններում նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատթարանալ»: Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար պաշտպանական կողմը դիմել էր Քրեակատարողական հիմնարկների վարչության պետին: Այսօր էլ Ստեփան Ոսկանյանին փոխանցել են, որ այդ հարցով դիմել են Առողջապահության նախարարին՝ պետպատվերի շրջանակում հարցը լուծելու համար: «Չնայած ես իմ միջնորդության մեջ նշել էի, որ մենք պատրաստ ենք Վահան Շիրխանյանի հարազատների անձնական միջոցների հաշվին իրականացնել հետազոտությունը եւ վիրահատությունը: Մեր ցանկությունը նրան անհապաղ, շտապ տեղափոխելն է: Չգիտես ինչու այս անգամ որոշել են, որ պետպատվերի շրջանակում տեղի ունենա այդ վիրահատությունը, որը լրացուցիչ ժամանակ է պահանջում: Հիմա պետք է սպասեն Առողջապահության նախարարի պատասխանին»,- ասում է պաշտպանը: Նա մտավախություն ունի, որ գործընթացը կերկարի, իսկ կիրակի օրը դատարանը որոշում կկայացնի՝ 2 ամսով երկարացնել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը, թե՝ ոչ: