Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցի արծիվը»՝ կռվախնձոր ժառանգների համար

Կարևոր լուրեր Հասարակություն
kochar

Երեւան-Էջմիածին խճուղու՝ «Զվարթնոցի արծիվ» քանդակի վերաբերյալ սկանդալ է հասունանում։ Բանն այն է, որ օրեր առաջ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում կասկածի տակ էր դնում Երվանդ Քոչարի՝ սույն քանդակի համահեղինակ լինելը։ «Երվանդ Քոչարի ստեղծագործությանը քաջածանոթ ցանկացած մարդ, հայ կերպարվեստի յուրաքանչյուր մասնագետ անվարան կարող է պնդել, որ այդ արծիվը ոչ մի ընդհանուր բան, շփման ոչ մի կետ չունի Քոչարի ստեղծագործական ձեռագրի եւ ոճի հետ: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ այդ կոմպոզիցիայի իրական, միակ եւ լիիրավ հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է»,-ասված է հայտարարության մեջ։ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ չեն հասկանում, թե որն է նման հայտարարության շարժառիթը։ Նրա խոսքով՝ իրենց կենդանության օրոք Երվանդ Քոչարը եւ Ռաֆայել Իսրայելյանը երբեւէ չեն վիճարկել քանդակի համահեղինակության հարցը։ Կարինե Քոչարը նշեց, որ դատարանով պաշտպանելու են իրենց իրավունքները եւ պահանջելու են, որպեսզի հասարակական կազմակերպությունը հերքի հայտարարությունը եւ ներողություն խնդրի Քոչարի ժառանգներից։ Տիկին Քոչարը կարծում է, որ սա արվում է «փիառի» համար, բայց թե ում, նա չի կարող ասել։ «Անիմաստ, անտրամաբանական հայտարարություն է, որին նույնիսկ ուշադրություն չէինք դարձնի, եթե դրա տակ որոշ անուններ ստորագրած չլինեին, ընդ որում՝ միեւնույն ընտանիքից»,-եզրափակեց նա։