Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օտարերկրյա բիզնեսը՝ ընդդեմ պատմական արժեքների

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու էր մեծ հաշվով շուկայի և խաղատան: Եվ այս ամենը այն վայրում, որտեղ հիշում և սգում են Մեծ Եղեռնի զոհերին: Ընկերությունը ստեղծվել էր գործարքից ընդամենը մի քանի օր առաջ և գրանցված էր մասնավոր բնակարանի հասցեում: Զարմանալի է այն փաստը, թե ինչպես է կառավարությունը վստահել այդ անհայտ ընկերությանը ժողովրդի կողմից սիրված և մշակութային արժեք ունեցող օբյեկտը: Մեկ այլ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտի ճակատագիրը գտնվում է կառավարության ձեռքերում և յուրաքանչյուր պահին կարող է զոհ դառնալ օտարերկրյա գործարարի ձեռքերում: Խոսքը գնում է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մասին: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի սեփականատերն է, կառավարության որոշման հիման վրա ստացել է թույլտվություն նոր մասնաշենքը ընդլայնել` քանդելով հին մասնաշենքի էստակադան: Սակայն, հանրության պահանջից ելնելով, կառավարությունը որոշեց քննարկել այդ հարցը ճարտարապետների հետ: Թե Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի և թե Զվարթնոց օդանավակայանի դեպքերում մենք գործ ունենք ռացիոնալ կապիտալիստական հաշվարկների և անողոք բիզնեսի հետ: Նույն սկզբունքով մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին հին Երևանի փողոցները (Բյուզանդի և Արամի փողոցների շենքերը), և այսօր մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են վերանում Երևանի արժեքները: Մեր սփյուռքահայ բարեկամները` մասնավորապես բարեգործ-գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, այսօր փորձում են ոչնչացնել Երևանի պատմական վայրերը: Իմ կարծիքով որքան կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Զվարթնոցի ապամոնտաժման որոշումը, այնքան էլ արգենտինահայ գործարար Էռնեկյանը հրաժարվի իր նպատակից և քանդելու փոխարեն վերականգնի Զվարթնոցի հին մասնաշենքը, ինչպես որ ի սկզբանե նշված է եղել կառավարության հետ պայմանագրի մեջ: Ամբողջ զարգացած աշխարհը պահում և պահպանում է իր պատմությունը, և միայն Հայաստանում կարելի է տեսնել, թե ինչպես են վայրենաբար ոչնչացվում հնությունը: Եկել է ժամանակը, որպեսզի երիտասարդ սերունդը տեր կանգնի իր պապերի և տատերի հուշերին, տեր կանգնի իր ապագային, որը չի կարող լինել առանց ամուր անցյալի:   Արման Ղուկասյան Հանուն օրենքի հասարակական շարժման համակարգող խմբի անդամ