Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցյալն ու ապագան` հագուստի էթնիկ ոճով

Հասարակություն
taraz

Հայ էթնիկ մշակույթն իր բոլոր դրսեւորումներով կարող է հետաքրքիր ու արդիական լինել ինչպես մեզ, այնպես էլ օտարերկրացիների համար: Հենց այս սկզբունքով առաջնորդվելով՝ Տերյան մշակութային կենտրոնը նախաձեռնել է արդի տարազների նոր հավաքածուի ստեղծումը։ «Անցյալի ապագա» խորագիրը կրող հավաքածուի ցուցադրությունը նախատեսված է փետրվարի 19-ին՝ «Մեգերյան կարպետի» ցուցասրահում։ «Ա1+»-ի հետ զրույցում արվեստաբան, Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր Անի Մարգարյանը նշեց, որ տարազների նոր հավաքածուն ստեղծելիս շեշտը դրել են հայկական միջնադարյան գորգերի հորինվածքների ու նախշերի վրա, որոնք ամբողջական կամ մասնակի կիրառվել են տպագրության շնորհիվ: «Եթե հետեւում եք նորաձեւության միտումներին, ապա ձեզ համար նորություն չի լինի, որ վերջին 2-3 տարվա ընթացքում, առավելապես՝ 2015 թվականին, միջազգային հնչեղության մի շարք դիզայներներ թերեւս ակամայից անդրադարձել են հայկական գորգին, դրա զարդանախշային համակարգին ու առանձին նախշերի: Փաստորեն, հայկական գորգը գրավիչ է օտարազգիների, եւ, ամենակարեւորը, թրենդեր ստեղծողների համար: Այս ամենից եզրակացրինք, որ ճիշտ ժամանակն է ի կատար ածել մեր կենտրոնում՝ շատ վաղուց ծագած միտքը. հայ դիզայներները ստեղծում ու առաջարկում են կրելի, ժամանակակից, խիստ արդի ու թրենդային ձեւվածքներով ու գունային գամմայով հագուստ»,-ասաց Անին՝ հավելելով, որ կենտրոնը նպատակ ունի նաեւ սույն միտումը նորաձեւ դարձնել Հայաստանում եւ, առհասարակ, հայերի շրջանում: Հավելենք, որ «Անցյալի ապագան» հավաքածուի զգեստների հեղինակները Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ու կենտրոնի դիզայներները եւ վարպետներն են: Ցուցադրության մուտքն ազատ է։