Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն անհանգստացած է ԼՂ խնդրի հեռանկարով

Քաղաքականություն
c1688e552e914ce5e6d4539bda3a3e77

Սառեցված բոլոր հակամարտությունները իրական հակամարտության վերածվելու մնայուն վտանգի առջեւ են, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում բացառություն չէ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Ամերիկյան ձեռնարկատիրություն հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը: «Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», - նշում է Ռուբինը: Սենատում անցած լսումների ընթացքում ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերն իր զեկույցում անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: «Բաքվի շարունակական վերազինումը, որը զուգակցված է Ադրբեջանի վատթարացող տնտեսական իրավիճակի հետ, ավելացնում է 2016-ին հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի կողմից զիջումների գնալու անհամաձայնությունը եւ իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելուհարցում Հայաստանի անհամաձայնությունը շարունակում են խաղաղ կարգավորման խոչընդոտ հանդիսանալ», - նշված է Սենատ ներկայացված ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի զեկույցում: Անդրադառնալով Մոսկվայի գործողություններին՝ Քլափերը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ստալինից հետո Ռուսաստանի առաջին առաջնորդն է, ով ընդարձակել է Ռուսաստանի տարածքը: «Միեւնույն ժամանակ, Մոսկվան կանգնած է իրական տնտեսական անկման իրականության առջեւ, որը մեծմասամբ առաջացել է նավթի գների նվազման եւ պատժամիջոցների արդյունքում», - նշել է Քլափերը: Անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերին՝վերլուծաբան Մայքըլ Ռուբինը նշում է, որ դրանք ոչ միայն քաղաքական կամ ռազմական, այլեւ՝ պատմամշակութային են: «Այսպես, Ռուսաստանը չունի Հայաստանի վրա մեծ ճնշում գործադրելու կարիք, որովհետեւ հայերից շատերը ռուսամետ են, եթե ոչ քաղաքական, ապա գոնե՝ մշակութային առումով», - նշում է Ռուբինը: Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության ոլորտում Երեւանին անհրաժեշտ է համաշխարհային հանրությանը հավաստել, որ այն կարող է Մոսկվայից անկախ գործել, նշում է փորձագետը: Այդ կապակցությամբ Մայքըլ Ռուբինը նաեւ ընդգծում է, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է իր կողմից ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում: «ԱՄՆ-ին անհրաժեշտ է շատ ավելի մեծ դեր խաղալ այս տարածաշրջանում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ դիվանագիտական եւ մշակութային առումներով», - նշում է նա: Մինչդեռ ներկայումս, փորձագետի կարծիքով, քաղաքականության ակտիվացում դեռ չի նկատվում, քանի դեռ Վաշինգտոնը կենտրոնացած է գլոբալ այլ խնդիրների կարգավորման վրա: Մոտ ապագայում սակայն, այդ մոտեցումը կարող է փոխվել, քանի որ արմատական փոփոխություններ են սպասվում ինչպես Հարավային Կովկասին կից Մերձավոր Արեւելքում, այնպես էլ՝ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում: Ամերիկայի ձայն