Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակացու ճեմարանը՝ վարկանիշավորման արդյունքների մասին

Հասարակություն
shirakaci-1

ՇԻՐԱԿԱՑՈՒ  ՃԵՄԱՐԱՆԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Օրերս ՀՀ ԿԳՆ հրապարակեց 2015 թվականի Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքները: Պաշտոնական ներկայացման ժամանակ և այդ մասին հրապարակված հաղորդագրություններում Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի մասին տեղեկատվության բացակայությունը հանրության շրջանում տարակարծությունների և թյուրըմբռնման տեղիք է տվել, որի վկայությունը վերջին օրերին ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի և հաղորդագրությունների տարափն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2015 թ. դեկտեմբերին կրթահամալիրի տնօրենության խորհրդում հանգամանորեն քննարկվել է վարկանիշավորմանը մասնակցելու հրավերը և որոշում է կայացվել գործընթացին չմասնակցելու մասին՝ օգտվելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ վերապահված իրավունքից և հիմնվելով ծանրակշիռ փաստարկների վրա: Նախ՝ Ճեմարանը՝ որպես  մեր երկրում Միջազգային բակալավրիատի ամբողջական կրթական ծրագիր (ավագ, միջին և կրտսեր դպրոցներ) իրակականացնող միակ հաստատություն, ինչպես նաև իր ստեղծման օրից շնորհալի երեխաների կրթության կազմակերպման հեղինակային կրթական ծրագրով առաջնորդվող կրթարան, արդեն իսկ միջազգայնորեն հավաստագրված վարկանիշ ունի:  Կրթահամալիրի մասնակցության դեպքում պայմանները հավասար չէին լինի մյուս  դպրոցների համար: Բացի վերոնշյալից՝ վարկանիշավորման ներկա համակարգի սկզբունքներն ու չափանիշները մասամբ չեն համապատասխանում, երբեմն էլ հակասում են Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի պահանջներին և գաղափարախոսությանը: Ճեմարանում կազմակերպված քննակման ժամանակ այս հարցի վերաբերյալ մեր տեսակետը և դիրքորոշումը մանրամասնորեն  ներկայացվել են  վարկանիշավորումն անմիջականորեն իրականացնող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենին և  հայտարարվել է վարկանիշավորման գործընթացին չմասնակցելու որոշման մասին: Այնպես որ իրոք զարմանալի  է,  թե ինչո՛ւ վարկանիշավորման արդյունքների պաշտոնական հրապարակումներում անդրադարձ չի կատարվել ճեմարանի՝ գործընթացին չմասնակցու  դիրքորոշմանը:   ՃԵՄԱՐԱՆԻ  ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ