Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-borba-10.02.

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն  այսօր հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն մարտի  8-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանալիք Եվրոպայի առաջնությանը: Նրանց թվում բացակայում է աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ ինչ՞ու Լեւոն Ջուլֆալակյանն որդուն չի ընդգրկել եվրոպական կազմում: Հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում պարզաբանություն է տվել այդ առիթով: «Այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցենք ամբողջական կազմով, սակայն որոշ փոփոխություններով: Մասնավորապես՝ առաջին անգամ  աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի  Միհրան Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաեւ երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) եւ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Իսկ Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված  պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին»: Բացի վերը նշվածներից, Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Ռիգայում: