Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցներում դեռ վարակներով բուժվողներ կան

Հասարակություն
56730

Ինչո՞ւ վերջին օրերին Առողջապահության նախարարությունը չի հրապարակում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ տվյալներ. «Անընդհատ փոփոխություն է լինում, այդ իսկ պատճառով չենք ասում հիմա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով՝ այժմ վարակների առումով վիճակը կայուն է, ավելին՝ նվազում կա: «Նոր դեպքեր հատուկենտ են լինում և բոլորն էլ թեթև են, իսկ ավելի վաղ դիմած հիվանդներից բավականին շատ դուրս գրվածներ կան: Պոլիկլինիկաներում և Շտապ օգնության ծառայությունում ևս նվազում կա: Հղիներից  բուժվողներ էլ դեռևս կան, բայց նոր դիմողների մեջ նրանք քիչ են»,-շեշտեց նա: Հարցին, թե H1N1 վարակի՝ խոզի գրիպի նոր դեպք արձանագրվե՞լ է, Լիանա Թորոսյանը նշեց. «Ոչ, H1N1-ի նոր դեպք չկա, դիմողները թոքաբորբով ու շնչառական այլ վարակներով են դիմում»: Մասնագետը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը՝ գրիպի ցանկացած դրսևորման դեպքում անպայման դիմել բժշկի և այդ վիճակում չգնալ աշխատանքի: Լիանա Թորոսյանը վստահեցրեց նաև, որ իրենք զգոն են՝ վիրուսների և թոքաբորբի նվազման միտումը մինչև սեզոնի ավարտը պահպանելու առումով: