Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 10. Ազատ է արձակվում Վահան Հովհաննիսյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի փետրվարի 10-ին իշխանությունից հենց նոր հեռացած ՀՀՇ-ն քննարկում է նախագահի ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Բացառված չէ նույնիսկ, որ թեկնածու առաջադրեն: 1998-ի այս օրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը խոստովանում է, որ Հայաստանը ծախսելու վարկեր չի ստանում միջազգային կառույցներից, նրա ստացած վարկերը Կենտրոնական Բանկի միջոցներն ամրապնդելու համար են: Նա վստահեցնում է, որ հերթական 16 միլիոն դոլար վարկը Հայաստանի համար կլինի վերջինը: Ի դեպ, չծրագրավորված նախագահի ընտրությունների համար գումար կտրամադրվի բյուջեի պահուստային ֆոնդից: Նույն օրը Ազգային Անվտանգության շենքից 2,5 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվում «Վահան+30» գործի գլխավոր դատապարտյալը՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Նա դատապարտվել էր իշխանության տապալման եւ հեղաշրջման կոչերի համար: Հիմա արդեն նա կարող է կոչեր անել, սակայն դեռ չի անի: «Ես եւ իմ կուսակցության անդամները պայքարել ենք իշխանության դեմ եւ էլի կպայքարենք, եթե պետք լինի»,-արդեն վերագրանցված Դաշնակցության գրասենյակում ասում է Վահան Հովհաննիսյանը: Գուցե ինքն էլ առաջադրվի նախագահի թեկնածու՞ : 1999-ի փետրվարի 10-ին Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ իշխանություններն իրենց ապակայունացնող ելույթներով միայն սրում են իրավիճակը Հայաստանում: Իշխանությունները պետք է հեռանան՝ ինչքան շուտ, այնքան լավ: Միակ ճանապարհը հեռանալու, որ խորհրդարանը նրանց անվստահություն հայտնի: Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը նույն օրն ասում է, որ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: Վերջին 6 ամսում Հայաստանում տեղի է ունեցել երեք աղմկահարույց սպանություն: Սակայն քանի որ Սահմանադրությունը մեկ առանձին նախարարի հեռացնելու հնարավորություն չի տալիս, ըստ Հայրիկյանի, Սերժ Սարգսյանը կամ պետք է ինքնակամ հեռանա կամ խորհրդարանն ամբողջ կառավարությանը անվստահություն հայտնի: 2000-ի այս օրերին կառավարությունն սկսում է էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացը: Փետրվարի 10-ին պոտենցիալ գնորդներին ներկայացվում է ցանցերի ձեռքբերման նպաստավոր պայմանները : Այսօրվա դրությամբ ցանցերին հավակնում է 8 ընկերություն, որոնցից ոչ մեկը տեղական չէ: Խորհրդային միության օրոք թոշակառու դարձածները 2000-ի փետրվարի 10-ին Բաղրամյան-26 են եկել են նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանից պահանջելու իր խոսքերի գինը, ըստ որի ինքը զբաղվելու է խորհրդային թոշակառուների թոշակով։ Սակայն մարդը կառավարության նիստի էր, չէր կարող պատասխան տալ: Թոշակառուները պահանջում են փոխել նաեւ Զինծառայողների մասին օրենքը եւ բարձրացնել իրենց թոշակները: Այստեղից նրանք շարժվում են կառավարություն եւ բանակցում տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի հետ: 2001-ի փետրվարի 10-ին խորհրդարանի մոտ հավաքված առեւտրականները սպասում են ՀԴՄ-ների տեղադրման մասին օրենքի առաջին ընթերցման ընդունմանը: ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը խորհրդարանին առաջարկում է օրենքն ընդունել եւ հետո լրամշակել: Կառավարությունն ասում է, որ ձեռնպահ կմնան ՀԴՄ-ների տեղադրումից, մինչեւ խորհրդարանը կվերջացնի օրենքի վրա աշխատանքը: Օրենքն ընդունվում է, բայց դեռ չի կիրառվի: Առեւտրականները խորհրդարանի որոշումն ընդունում են ցնծությամբ: Հաջորդ օրն, ի դեպ, ձեռներեցների ուրախությունը երկար չի տեւում, ոստիկանություն է հրավիրվում դեռեւս հունվարին տեղի ունեցած մի հանրահավաքի մասնակցած «Հայաստան» հանրախանութի երեք առեւտրական: Այնուամենայնիվ, մասնակիցներին տուգանում են 5 հազար դրամով: 2002-ի այս օրերին փլատակների է վերածվում Երեւանի տեխնոլոգիական քոլեջի շենքը: Հընթացս այն վնասում է հարակից տները: Մի հոգի մնում է փլատակների տակ՝ տաքսու վարորդ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քոլեջի աշխատակիցները սպասում էին փլուզմանը՝ շենքը վաղուց էր վթարային: 2010-ի այս օրը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Գուցե այս պաշտոնով ինքը վայելում է մարտի 1-ի պտուղները: