Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2020-2025 թթ. կստեղծվի քրդական պետություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan-nkar

Ռուսաստանը վերջին շրջանում շահարկում է 1921 թվականի մարտի 16-ի՝ ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության մասին պայմանագիրը: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ՝ այս փուլում այն որպես ճնշման միջոց է ռուսների կողմից օգտագործվում: «Բայց չեմ բացառում, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին, երբ հարաբերություններն ավելի կսրվեն կողմերի միջև, հենց մարտի 16-ին, երբ 95-ամյակը կլրանա այդ տխրահռչակ պայմանագրի, այդ հարցը բարձրացվի»: Ի՞նչ ընթացք կստանան ռուս-թուրքական լարված հարաբերությունները. «Առաջին փուլում կգնա ընդհարում Սիրիայի օդում: Չեմ բացառում, որ կօգտագործվի ռուսների կողմից Հայաստանում գտնվող ռազմաբազան, հետևաբար՝ մեր երկիրն ինքնըստինքյան կներքաշվի այդ բախման մեջ: Եվ եթե ընթանա ռուս-թուրքական բախում, Ղարաբաղի հարցը կդառնա երկրորդական»,-նշեց պարոն Պապյանը: Իրանի առնչությամբ էլ նա շեշտեց, որ այդ երկիրն այժմ վերազարթոնքի մեջ է, քանի որ դա բխում է արևմուտքի շահերից: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարն ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա. «2020-2025 թթ. կստեղծվի քրդական պետություն, դա անխուսափելի է և մենք պետք է դա հաշվի առնենք: Այս համատեքստում առաջ կգա նաև Հայկական հարցը: ՀՀ իշխանությունը պետք է դիմի Միացյալ նահանգներին, Եվրամիությանը, Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին, Ադրբեջանին և առաջարկի վերագործարկել Վրաստան-Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթգիծը: ՀՀ-ն այսպիսի կառուցողական առաջարկով պետք է հանդես գա՝ նշելով, որ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: Թող Ադրբեջանը մերժի, այսպես ասած՝ թող այդ վատ տղան լինի Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը: Այդ պարագայում Հայաստանը կարող է պահանջել այդ երկաթգիծը վերցնել իր վերահսկողության տակ»: