Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշոտյանը ՀՀԿ-ում կմնա ամենաազդեցիկ դեմքերից» (տեսանյութ)

Քաղաքականություն
XosrovHarutyunyan

«Հանրապետականն այսօր ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով խնդիր չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու որոշմանը: Հարությունյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը պայմանավորում է նրանով, որ ՀՅԴ-ն այն հիմնական քաղաքական ուժն էր, որը աջակցեց սահմանադրական փոփոխություններին: «Այս երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հանրության առջեւ սահմանադրական փոփոխությունների հետեւանքների համար պատասխանատվություն են կրում: Այս հանգամանքը կարեւորելով էլ նախագահը դիմել է նրանց համագործակցության առաջարկով»: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ շատերը կոալիցիայի ձեւավորումը մեկնաբանում են որպես «պորտֆել ձեռք գցելու» հնարավորություն: «Կառավարությունում պաշտոն ունենալ նշանակում է ստանձնել պատասխանատվություն, ոչ թե պորտֆել ձեռք բերել»,-հայտարարեց Խոսրով  Հարությունյանը: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Խոսրով Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել դա, բայց հավելում է որ. «Արմեն Աշոտյանի հրաժարականը նրա քաղաքական կարիերայում որեւէ նշանակություն չունի: Նա ինչպես կար, կշարունակի ՀՀԿ-ում մնալ ամենաազդեցիկ դեմքերից, ինչու չէ նաեւ մեծ հեռանկար ունեցող երիտասարդ կադրերից մեկը: Նա իր պաշտոնավարման ամբողջ շրջանում կրթության ոլորտում բավականին շատ արմատական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացրել, եւ լավ կլինի՝ ով որ գա նրա փոխարեն, շարունակի այդ բարեփոխումները»: