Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն պատասխանատվության լղոզման ճանապարհին է» (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan-poghosyan

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չի շտապում կանխատեսում անել, թե ինչ նշանակումներ կլինեն՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության կոալիցիայի շրջանակում: «Զինվենք համբերությամբ, մի քանի օր էլ և պարզ կլինի: Արդյո՞ք Դաշնակցությունը կբերի իր լուման, կյանքը ցույց կտա: Դժվար է ասել՝ կարճ ժամանակում կունենա՞ն իրենք հաջողություն, թե ոչ: Համակարգային փոփոխություններ են պետք: ՀՀԿ-ն այժմ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ընթանում»,-ասաց նա: «Ա1+»-ի հարցին, թե ՀՅԴ-ն արդեն մեկ անգամ եղել է իշխանության հետ կոալիցիայում, այդ համագործակցության արդյունքները հաշվի առնելով, արդյոք չի՞ կարելի որոշակի գնահատական տալ, պարոն Պողոսյանը նշեց. «Մի պատմություն կա, որ երկու երաժիշտ բամբասում են երրորդի մասին: Իսկ երբ վերջինս մոտենում է, սկսում են գովերգել, լավը խոսել: Եվ հետո ասում են, թե կարճ ժամանակում, մի քանի րոպեում նրանք դաստիարակվեցին, հասկացան, որ լավը պետք է խոսել: Հիմա ես հուսով եմ, որ Դաշնակցությունն իր դասերը քաղել է և հասկացել, թե նախորդ անգամ ինչ սխալներ է թույլ տվել»: Գործիչը համամիտ է այն մտքին, որ ՀՅԴ-ն ընտրազանգվածի առումով բավականին կորուստներ ունի, սակայն մյուս կողմից կարծում է, որ այդ խնդիրն առկա է բոլոր ուժերի մոտ. «Հիմա կասկածում եմ, որ մի կուսակցություն 12 տոկոս ձայն վերցնի՝ թեկուզ իր ամբողջ ռեսուրսն օգտագործելով: Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր ընդդիմադիր է ամեն ինչին: Ընդդիմադիր են նաև ընդդիմությանը: Չկա հավատ իշխանության հանդեպ, ընդդիմության հանդեպ»: Ինչ վերաբերում է ՄԻՊ երեք թեկնածուներին, պատգամավորը չցանկացավ նշել, թե նրանցից որին է ավելի շատ համակրում. «Իմ համակրանքը միայն իմ ընտանիքի հանդեպ է»: Սակայն պատգամավորն ունի նախընտրած անձ այս պաշտոնի համար, որը չի առաջադրվել. «Շատ կուզեի, որ «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը լիներ: Կարծում եմ՝ ինքը կկարողանար ճիշտ ուղղությամբ տանել ՄԻՊ գրասենյակի աշխատանքը»,-շեշտեց նա: Իսկ ինչպե՞ս է իր հետագա գործունեությունը պատկերացնում պարոն Պողոսյանը. «Ես միշտ ունեմ վերադառնալու տեղ: Այդ առումով խնդիր չունեմ, որ մտածեմ, թե այստեղից այնտեղ ուր թռչեմ: Եթե լինի ինձ հետաքրքրող որևէ ուժ, կարող եմ մտածել դրա հետ համագործակցելու մասին»: