Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներառական դպրոցների մատչելիության մասին խոսելն ամոթ է. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Հասարակություն
batoyan

Կառավարությունը 2016 թվականը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի նախատեսվում է շուրջ 20 դպրոց վերանորոգել՝ հարմարեցնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ներառական կրթության ոլորտում նույնպես շարունակելու են ակտիվ գործունեություն ծավալել: Ըստ նրա՝ մինչեւ 2022 թվականը բոլոր դպրոցները կդառնան ներառական: Հանդիպմանը ներկա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի» տնօրեն Զարուհի Բաթոյանը նշեց, որ ներառական կրթությունն այն է, ինչի մասին բոլորը գիտեն եւ պարտավոր են իրականացնել, քանի որ դա ամրագրված է օրենքով. «Այսօր ներառական դպրոցների մատչելիության մասին խոսելը այլեւս ավելորդ է եւ ամոթ է մեզ համար: Բարեբախտաբար, ներառական կրթության ոլորտում արդեն բազմաթիվ ձեռքբերումներ ունենք: Կցանկանայի այս տարին յուրահատուկ լիներ նրանով, որ այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են ներառական կրթության հարցերով, օրինակ՝ կրթության եւ գիտության նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, նոր որակ բերեն իրենց աշխատանքի մեջ,-ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ հարկ է նաեւ ուշադրություն դարձնել նախադպրոցական կրթությանը, քանի որ ներառումը չի սկսվում դպրոցից:-Կկարեւորեմ նաեւ մտավոր եւ սովորելու դժվարություն ունեցող անձանց միջին մասնագիտական կրթության հարցը, ի՞նչ է արվում այս ոլորտում կամ ի՞նչ պետք է արվի: Զբաղվածության ոլորտում նույնպես կան խոցելի խմբեր, որոնց մասին շատ քիչ են խոսում: Խոսքը նորից սովորելու եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց մասին է»: