Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարար Ճշմարիտյանի մոտ ճամպրուկային տրամադրություն չկա»

Քաղաքականություն
21a0c5d64969db556bfaf879019cb0a5

Այսօր էլ ավելի ակտիվորեն են շրջանառվում լուրերը, որ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի արդյունքում Դաշնակցությանը կտրվեն նախարարական երեք պորտֆել, որոնցից մեկը կլինի Էկոնոմիկայի նախարարինը: Այս մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանին: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ գրեթե ոչինչ չի կարող ասել այդ մասին, քանի որ այդ լուրերը պարբերաբար պտտվում են, վերջին շրջանում էլ են եղել. «Նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 3-ի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին պատասխանեց, որ մենք աշխատում ենք՝ ակտիվ, ամեն օր: Բացի այդ, նախարարն ամեն օր հանդիպումներ է ունենում, ծրագրեր ենք ներկայացնում, հաշվետվություններ: Իսկ թե ինչ կլինի, դուք ինքներդ գիտեք՝ որոշումներ կայացնողները պիտի կայացնեն, ես ոչ մի տեղեկություն չունեմ ավելին, քան մամուլից եմ կարդում»: Տիկին Խեչոյանը վստահեցրեց, որ նախարար Ճշմարիտյանն այսօր իր սովորական աշխատանքային առօրյայով է զբաղված. «Այսօր արտասահմանյան երկու գործընկերոջ հետ հանդիպում ունի, վաղը գալիս է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը, հանդիպում ունի նրա հետ բիզնես ֆորումում, երկուսն էլ ելույթ են ունենալու: Շատ գործնական, շատ ակտիվ, ամենօրյա մեր աշխատանքն ենք կատարում: Այդպիսի ճամպրուկային տրամադրություն ես չեմ նկատում նախարարի կողմից. մենք էլ բոլորս հակված ենք մտածելու, որ դեռ շարունակելու ենք միասին աշխատել»: