Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարելի է լրագրողին ծեծել, տեսախցիկը ջարդել ու պատասխանատվության չենթարկվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
camera

Սահմանադրական հանրաքվեից երկու ամիս անց որևէ մեկը չի պատժվել լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, բռնություններ կիրառելու համար։ Դեկտեմբերի 6-ին նմանատիպ 14 դեպք է արձանագրվել, քրեական գործ սակայն հարուցվել է միայն երկուսի պարագայում ։ «Հայաստանում սա դարձել է  գործելաոճ, գործելակերպ. կարելի է լրագրողին ծեծել, կարելի է խոչընդոտել, տեսախցիկը ջարդել և որևէ պատասխանատվության չենթարկվել»,- ասում է Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Հարուցված քրեական գործերից մեկը Արաբկիրի թիվ 5/28 ընրատարածքում ՀՀԿ-ական վստահված անձ Արթուր Խուրշուդյանի կողմից «Հետք» պարբերականի թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը խլելու, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով է։ Նախաքննությունն արդեն ավարտվել է ու գործը ՀՔԾ-ից ուղարկվել է Դատախազություն։ «Փաստերը խոսուն են, որովհետև նախաքննության ընթացքում վստահված անձանցից էլ են ասել, որ այո՝ տեսել են համակարգիչը վերցնելու պահը՝ գոռալով, նաև՝ իր ագրեսիվ պահվածքը»,- նշում է լրագրող Դիանա Ղազարյանը։ Լրագրողն այդ օրը ստիպված է եղել երեքից չորս ժամ գտնվել Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում՝ ընդհատելով աշխատանքը։ «Մի քանի ՀԿ-ներ, միջազգային կառույցներ լրագրողների աշխատանքի խոչընդոտման հետ կապված բարձրաձայնել են, մեկ երկուսի դեպքում ցույց տալու համար, որ գործ են կատարում, պետք է՝ արդար քննություն լինի»։ Աշոտ Մելիքյանին զարմացնում է հանգամանքը, որ հանրաքվեի ժամանակ լրագրողական պարտականությունների խոչընդոտման վերաբերյալ գործերը հարուցվում են ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, այլ 149-րդ՝ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը։ «Պատիժների տարբերություն կա, բայց շատ կարևոր է լրագրողական գործունեությունը ընդգծվի այդ գործընթացում։ Լրագրողը գնացել է ընտրատեղամաս ոչ թե որպես ընտրող կամ վստահված անձ, առաջին հերթին ինքը գնացել է իր լրագրողական պարտականությունները կատարելու»։ Վերջին 10 տարում Հայաստանում լրագրողների իրավունքների խախտումների ու բռնությունների 100-ից ավելի դեպք է եղել։  Իսկ նախորդ տարվա  հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածն ամենազանգվածայինն էր, և չնայած բազմաթիվ ապացուցողական նյութերին՝ որևէ մեկը չի պատժվել։ «Քաղաքական միջամտություն է ուղղակի անհրաժեշտ և միգուցե՝ իրավապահ մարմիններին համապատասխան ցուցումներ է պետք տալ»,- հավելում է պարոն Մելիքյանը։