Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտադրամասը հսկող շան վրա կրակել են 25 անգամ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shun-nkar

25-ից ավելի հրազենային վնասվածք ստացած Բորիս անունով շունը պատրաստվում է վիրահատության։ Նոր Նորքի 1-ին զանգվածի կահույքի արտադրամասերից մեկը հսկող 4–ամյա շանը գտել են բնակիչները եւ ահազանգել «Դինգո Թիմ» կազմակերպությանը։ «Տեսնում եք, որ բազմաթիվ վնասվածքներ ունի, անցորդները ասել են, ո՞վ եք, ի՞նչ եք անում: Ասել են, որ թաղապետարանից են, կրակում ենք: Ցերեկը «Յունիգաֆ իքս»-ը տանում է կենդանիներին սպանդանոց, գիշերները իրենց որսորդները դուրս են գալիս եւ կրակում»,- ասում է «Դինգո Թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանը: Մոտ 15 րոպե անասնաբույժը փորձում է փրկել շան կյանքը։ «Պետք է բավականին խորը բացվածք անել, ուղղակի չենք ուզում միանգամից խորը բացենք, գնդակները բավականին խորն են գնում, կարող են ոսկորն էլ վնասել»,-ասում է Գոհար Ազատյանը: Հասկանալով, որ շանը փրկել հնարավոր չէ եւ նա տանջվելու է ցավերից, թիմը որոշեց քնացնել նրան ընդմիշտ։ Կենդանասերներն ասում են՝ շանը այս վիճակում հայտնաբերելուց հետո անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ «Զանգում ենք 1-02 ասում են տեղյակ ենք, քաղաքապետարանի մարդիկ են, զանգում ենք քաղաքապետարան, ասում են բացառվում է, մենք չենք կրակում: Եթե հիմա դուք զանգ տաք քաղաքապետարան կամ «Յունիգրաֆ Իքս», եթե ասեք դուք եք կրակել, նրանք կասեն՝ ոչ, մենք չենք կրակում»,- ավելացնում է «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը: Իրոք, «Յունիգրաֆ Իքս» ընկերությունից հայտնեցին, որ իրենք շների վրա չեն կրակում: Ահազանգի դեպքում շներին հավաքում են, առողջներին ստերջացնում իսկ վարակակիրներին քնեցնում: Հիշեցնենք, որ 2009թ-ից սկսած թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլացման ծառայությունների իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Նախորդ տարի այս աշխատանքների իրականացման համար հատկացվել է մոտավորապես 119 միլիոն դրամ։