Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը բանակում արգելել է երկու արտահայտություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ohanyan

«Ես բանակում արգելել եմ անել երկու արտահայտություն։ Առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր»։ Այսօր ԵՊՀ-ի պրոֆեսորադասխոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ եւ այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետեւողական մղել, քան ազատ հասարակության մեջ։ Արգելել եմ ասել, որ բոլոր բանակներում էլ այսպիսի (արատավոր-խմբ.) դեպքեր լինում են, որովհետեւ մենք ազգային բանակի կատարելության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, ազգային ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները եւ այլն։ Դրանք են, որ բանակում ձեւավորում են անձնական մարտական ոգի եւ բարոյահոգեբանական մակարդակ կոլեկտիվներում»,-ասաց նախարարը։ Սեյրան Օհանյանը չի կարող ասել, թե այս տարի լարվածությունը ինչպիսին կլինի սահմանում. դա կախված է հակառակորդի արկածախնդրությունից, բայց կարծում է, որ այս առումով պետք է ապավինել Աստծո զորությանը եւ երկու սրբություններին՝ «հայկական բանակի հրամանատարին եւ զինվորին»։ 2016 թվականի համար պաշտպանության նախարարը իր խոսքով ինքն իր համար զգաստացման մեխանիզմ է մշակել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվի իր ենթականերին եւ ազատ արարելու հնարավորություն տա. «Երկար տարիներ ղեկավարած անձնավորությունների մոտ ինչ-որ տարր բթանում է, լճանում, եւ իրենց թվում է, որ միակ ճիշտը իրենք են, բայց ենթականերից յուրաքանչյուրը պետք է իրեն անկաշկանդ զգա, լինի համարձակ՝ մինչեւ պաշտպանության նախարար իր տեսակետները, առաջարկությունները հայտնելու»։ Հանդիպման ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին նախարարին, որոնցից մեկը վերաբերում էր զորացրման ժամկետից ավել ծառայելուն եւ դրա հետ կապված բուհերում խնդիրներ ունենալուն։ Սեյրան Օհանյանը հարցը բարձրացրած երիտասարդին ասաց, որպեսզի նա համապատասխան դիմում գրի, եւ նախարարը այն կփոխանցի ԿԳՆ։ Միեւնույն ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ մեկ տարուց հետո այլեւս նման խնդիրներ չեն լինի։ «Մեկ ամսից ավելի չի կարող զինվորը ծառայել, երբ իր ժամկետը լրացել է։ Դա կապված է ԶՈՒ մարտունակության ապահովման հետ։ Մեկ տարուց այլեւս նման խնդիր չենք ունենա, քանի որ կհասնեք զորակոչի իրականացման ժամկետների հստակեցման»։