Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն ամեն տարի 50 մլն եվրո է ծախսում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
h-1dflH-Yi4

Հայաստանը և Եվրոպական միությունը թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ. այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա համոզմամբ՝ անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում մեկնարկած շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունները պետք է ընկալել, դիտարկել հարևանության նոր քաղաքականության ընդլայնված համատեքստում. «Հուսով ենք, որ շրջանակային նոր համաձայնագրի ուղղությամբ առաջընթաց ունենալուն զուգահեռ կսկսենք քննարկել գործընկերության առաջնայնությունները՝ քաղաքականապես պարտադիր մի փաստաթուղթ, որը կներառի, կպարփակի Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության քաղաքական օրակարգը: Մենք բանակցություններում՝ որպես Եվրոպական միություն, հետամուտ ենք այն ռազմավարական նպատակին, որ ցույց տանք, որ հնարավոր է լինել այլ ինտեգրման պրոյեկտի՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ»: Սվիտալսկին հիշեցրեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի օտարերկրյա խոշորագույն դոնորն է, որն ամեն տարի 50 մլն եվրո է ծախսում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Ինչպես նաեւ ԵՄ-ն արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն է և խոշորագույն ներդրողը: Դեսպանի խոսքով՝ ԵՄ նպատակն է աջակցել ՀՀ-ին՝ ցույց տալով, որ կարելի է լինել ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, սակայն միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: «Մենք հուսով ենք, որ հայկական կողմը Ասոցացման համաձայնագրի տեքստի քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը, համագործակցությանն անվտանգության ոլորտում, կընդունի առանց փոփոխությունների: Դեռևս չեն համաձայնեցվել համաձայնագրի առևտրային դրույթները, քանի որ ՀՀ-ն պետք է բացի սահմանները ԵՄ պետությունների համար: ՀՀ իշխանությունները պետք է մշակեն այնպիսի դրույթներ, որոնք կքաջալերեն եվրոպացի բիզնեսմեններին և հետևաբար կավելանան նաև ներդրումները»: