Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվային ընդունիչ սարք կստանան միայն անապահովության 34,6 միավոր ունեցողները

Հասարակություն
TV

Հայաստանում թվային հեռուստատեսության համար անհրաժեշտ՝ DVB-T2 ստանդարտի ընդունիչ սարքերն արդեն անվճար տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն շատ քաղաքացիների մտահոգում է հարցը, թե ինչու իրենք, ընդգրկված լինելով անապահովների ցուցակում, չեն կարող ստանալ սարքն անվճար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվում են նորմեր՝ համաձայն որոնց էլ բաշխվում է այս կամ այն նյութական օգնությունը: Նշենք, որ անապահով խավի համար Հայաստան է ներկրվել 48 700 թվային ընդունիչ սարք: Դրանցից 2000-ը տրամադրվելու է Արցախի անապահով ընտանիքներին: Ըստ Աստղիկ Մինասյանի՝ սարքերի թիվը համապատասխանում է կառավարության սահմանած՝ անապահության 34,6 միավոր ունեցող անձանց թվին: Կառավարության՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ «DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն անվճար կտրամադրվեն 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ 34.6 ու ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներին»: Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ ցուցակներն արդեն կազմված են, եւ քաղաքացիները սոցիալական ապահովության իրենց տարածքային բաժանմունքներում կարող են ծանոթանալ դրանց: Հիշեցնենք, որ Հայաստանը հունվարի 1-ից անցել է թվային հեռարձակման, սակայն անալոգային հեռարձակումը դեռ չի անջատվել: Գործընթացը վերջնական կիրականացվի այն ժամանակ, երբ անվճար տրամադրվող սարքերի բաշխումն անապահովներին ավարտվի: Իսկ թե ինչ են անելու այն քաղաքացիները, ովքեր նույնպես ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում, բայց չունեն 34,6-ից ավելի միավոր, մնում է հարցականի տակ: Հավելենք, որ անապահով ընտանիքների թիվը Հայաստանում պաշտոնական տվյալներով հասնում է 150 հազարի: