Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողը գործի բացահայտման հույս ունի

Քաղաքականություն
diana-nkar

«Արթուր Խուրշուդյանը խոչընդոտել  է իմ աշխատանքի իրականացմանը. ժամեր շարունակ ես ստիպված եմ եղել մնալ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում ՝ ընդհատելով իմ մասնագիտական պարտականությունների կատարումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «hetq.am» կայքի թղթակից  Դիանա Ղազարյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի օրը թիվ 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ական վստահված անձ  Արթուր Խուրշուդյանի կողմից իր մասնագիտական պարտականությունների խոչընդոտման փաստին։ Վերջինս լրագրողից պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը և հեռանալ տեղամասից, սակայն նա շարունակել է իր լրագրողական գործունեությունը։ Մերժված ՀՀԿ-ականը խլել է լրագրողի համակարգիչը, և միայն ոստիկանների՝ տեղամաս հասնելուց հետո վերադարձրել այն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արթուր Խուրշուդյանը հարցաքննվել է, առերեսում է տեղի ունեցել։ Ըստ լրագրողի՝ գործում մեղադրյալ ներգրավված ՀՀԿ-ականը հարցաքննության ժամանակ փաստերը ներկայացրել է ըստ իր պատկերացումների՝ «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հաղորդել»։ Նշենք, որ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է Դատախազություն և առաջիկայում կուղարկվի դատարան։ Դիանա Ղազարյանը հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ խախտվել են լրագրողների իրավունքները, հարուցվել են քրեական գործեր, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս դեպքում, սակայն ինքը հույս ունի,որ մեղավորը կպատժվի։ «Միջազգային հանրությանը ցույց տալու համար, գոնե պետք է, որ արդար կերպով գործը քննվի»,- ասում է նա։ Ավելացնենք, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե լրագրողի մասնագիտական պարտականությւոնների իրականացմանը խոչընդոտելու հիմքով, այլ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս հոդվածով նախատեսված պատիժն ազատազրկումն է՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։