Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսուչն իրավունք չունի խախտման դեպքում գումար պահանջել բնակչից. «Գազպրոմ Արմենիա»

Կարևոր լուրեր Հասարակություն
Gazprom-Armenia

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչների եւ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ -ի փականագործների կողմից խախտման արձանագրությունների կազմման գործընթացը եւ դրանից բխող գազամատակարարման դադարեցումը հետապնդում են բացառապես բաժանորդների անվտանգությունը ապահովելու նպատակ և նրանց կողմից կազմված արձանագրությունները տուգանք կամ ֆինանսական որևէ տույժ չեն ենթադրում. ի պատասխան քաղաքացի Գարեգին Գաբրիելյանի նամակի՝ ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Գաբրիելյանը նամակ էր ուղարկել լրատվամիջոցներին՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեսուչները փականագործների հետ մտնում են քաղաքացիների տները եւ պահանջում տան դռների վրա անցքեր բացել եւ այդ գործողության դիմաց գումար պահանջում: Ինչպես նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ, ընկերությունն իր գործունեության մեջ ուղղորդվում է գազամատակարարման եւ գազասպառման համակարգերին վերաբերող ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ նորմատիվ ակտերով եւ տեխնիկական կանոնակարգերով, որոնք հաստատված են ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից: Բնակարաններում օդի ներածման բացվածքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 22.12.2005թ. թիվ 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի IV գլխի 92, 96, 100 կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 05.06.2008թ. թիվ 784-Ն որոշմամբ հաստատված «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին՝ շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում, անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի համապատասխան դրույթներով: Վերը նշված կառավարության որոշումներից բխող «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն» շինարարական նորմերով գազասպառման ներտնային համակարգերում անվտանգության պահանջները պարտադրում են գազասալիկների տեղադրումը խոհանոցում կամ այլ ոչ բնակելի շենքում թույլատրել, եթե առկա է խոհանոցի դռան ներքևի մասում ցանց կամ դռան ու հատակի միջև բացակ ոչ պակաս 0,02 մ2 կենդանի կտրվածքով: Նման պարտադիր պահանջ ամրագրվում է նաև լոգարաններում գազային ջրատաքացուցչի առկայության դեպքում: Ինչ վերաբերում է գազասպառման ներտնային համակարգում հայտնաբերված խախտումների ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման արձանագրությունների (ակտ) կազմմանը, ապա տվյալ գործընթացը սահմանված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից հաստատված «Կազմակերպության ստանդարտով» (16.07.2007թ), որտեղ ամրագրված են խախտումների և գազամատակարարումը դադրեցնելու հիմքերը Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն: Խախտման արձանագրությունները կազմվում են «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մասնագետների կողմից՝ թերությունների կամ խախտումների հայտնաբերման դեպքում, և փոխանցվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոնց հիման վրա ընկերության աշխատակիցները կարող են դադարեցնել տվյալ բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներոում: Մասնավորապես, օդի ներածման բացվածքի բացակայության դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն 3 օրինակից, տվյալ տարածքում տեղադրված գազասարքը (գազասարքերը) անջատվում է գազատարից, իջուցիկ կետի փականը խցափակվում և կնքվում է հոլոգրաֆիկ կնիքով: Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է բաժանորդին և վերջինս հրահանգավորվում է իր ուժերով վերացնել թերությունը, ապահովել անվտանգության նորմերը և դիմել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ՝ գազասարքը վերամիացնելու համար: