Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասացինք՝ մեզ Նոր տարի պետք չէ, մենք ուզում ենք լողանալ». սիրիահայ

Կարևոր լուրեր Հասարակություն
zhorzhet

Մեկ տարի առաջ տիկին Ժորժետը ամուսնու՝ Էդգար Թովմասի հետ տեղափոխվեց Հայաստան: Դառնությամբ ու կսկիծով է հիշում դժվարություններն ու զրկանքները, որոնք ունեցել են Հալեպ-Լիբանան-Հայաստան ճանապարհին: «Երբ Սիրիայում արդեն պատերազմական իրավիճակ էր, մտածեցինք՝ ինչ ունենք-չունենք՝ մեքենաներ, խանութներ, տուն, վաճառենք, գանք Երեւան, բայց չկարողացանք. ամուսինս հիվանդացավ, սիրտը վիրահատեցին: Բայց դե, պատերազմ էր ու բոլոր տղաներին տանում էին, մենք էլ չէինք ուզում, որ մեր տղային տանեին, ուղարկեցինք նրան Հայաստան, ասացինք, միգուցե հանդարտվի այս վիճակը, հետ կգա, բայց ամեն ինչ օր օրի ավելի էր վատանում: Սարսափելի բաներ էին կատարվում. ո՞ր մեկը պատմեմ. մարդ էին մորթում, սպանում, փախցնում: Աղջիկս էլ ամուսնացած էր. ուր որ է` երեխա էր ունենալու, հիվանդանոց էլ չկար, որ տանեինք, ամեն տեղ ռմբակոծություններ էին, չէինք կարող մնալ, որոշեցինք առանց ժամանակ կորցնելու հասնել Լիբանան: Գիտեինք, որ ճանապարհին կանգնեցնում էին մեքենաները, գողանում եղած-չեղածը, մարդկանց փախցնում: Փոքր աղջիկս մազերը չսանրեց, թափթփված շորեր հագավ, քանի որ քույրն էլ հղի էր, ինքն էլ որոշեց մի շոր դնել, որ հղի կնոջ տեսք ստանար, տեսնեին, հանկարծ չփախցնեին: Մեզ էլ կանգնեցրին, հարցուփորձ արին, չէին ուզում թողնել, բայց խնդրեցինք, ասացինք՝ պետք է արագ հասնենք Լիբանան, մի կերպ կարողացանք ճանապարհը շարունակել: Մյուս տղաս Լիբանանում էր ապրում ընտանիքի հետ միասին: 5-8 օր մնացինք այնտեղ, տունը շատ նեղ էր 10 հոգու համար. ամառ էր, ջուր չկար: Երբ աղջկաս երեխան էլ ծնվեց, այլեւս հնար չկար այնտեղ մնալու:   Աղջկաս բժշկուհին բարեխիղճ մարդ էր. իմանալով մեր վիճակի մասին՝ ուղղորդեց մեզ մի տուն, որը պատկանում էր մի ամերիկացու: 30 տարուց ավել այդ տուն որեւէ մեկը չէր մտել, ամենուր փոշի ու կեղտ էր, բոլորս գործի անցանք, արագ մաքրեցինք, որ երեխային բերեինք: Այդ ընթացքում էլ ամուսնուս մոտ նյարդերի հետ կապված ինչ-որ խնդիր առաջացավ, անկարող էր աշխատել, սկսեցի ես աշխատել. երկու հիվանդի էի խնամում»: Տիկին Ժորժետը պատմում է, որ Հայաստանում տղայի հետ պատահած դեպքն է ստիպել նրան եւ ամուսնուն այդ վիճակով վերադառնալ Հայաստան: «Տղաս միշտ զանգում էր, միշտ իմանում էի՝ ինչպես է, ինչ է անում: Սակայն արդեն մի քանի օր է՝ լուր չունեի, աղջկաս ասում էի՝ Սոնի՛կ, մի տեսակ անհանգիստ եմ, եղբայրդ երկար ժամանակ է՝ չի զանգում: Մի երկու անգամ գրել էր, բայց միեւնույնն է, անհանգիստ էի, աղջիկս էլ վիճակս տեսնելով՝ չցանկացավ թաքցնել ու պատմեց: Ընկերոջ հետ աշխատանքից տուն գնալիս՝ մի քանի հարբած տղաների հետ ինչ-որ խնդիր է առաջանում, նրանցից մեկը դանակահարում է տղայիս: Երբ իմացա, ահավոր էր վիճակս, չէի ուզում ամուսնուս ասել, բայց դե չստացվեց թաքցնել, իմանալուն պես որոշեցինք գալ Գյումրի տղայիս մոտ»: Գյումրիում տիկին Ժորժետի ակնկալիքները սակայն չեն արդարանում, բախվում են ֆինանսական մի շարք խնդիրների: «Եկանք այստեղ, ձեռքներիս եղած փողն էլ ծախսեցինք: Աշխատանք չենք կարողանում գտնել մինչ օրս: Տղաս չէր ասում՝ ինչ նեղությունների միջով էր անցնում: Հիմա ավտոմեքենաներ է լվանում: Մենք էլ եկանք, խնդիրներն էլ շատացան: 3 ամիս շատ նեղություն քաշեցինք, ամոթ բան չկա. եթե մի երկու ձու կար, մեկը թողնում էի տղայիս, մյուսը կիսում էինք իմ ու ամուսնուս մեջ, բայց ուտելիքը մեզ համար այդքան էլ նշանակություն չուներ: Երբ գտանք այս տունը, շատ վատ վիճակում էր, մաքրեցի, մի քիչ տեսքի բերեցի, բայց ոչ գազ կար, ոչ տաք ջուր: 6 ամիս մենք առանց տաք ջրի ենք մնացել, չենք լողացել, մի փոքր կաթսայով ջուր էինք դնում, լվացվում էինք, այդպես ապրում էինք: Դիմեցինք շատ կազմակերպությունների, ինչ-ինչ օգնություն ստացանք, մարզպետարանն է շատ օգնել. Նոր տարվան էլ գումար տվեցին, ասացին՝ գնացեք, Նոր տարի նշեք, ես էլ ասի՝ մեզ Նոր տարի պետք չէ, մենք ուզում ենք լողանալ, հիմա, Փառք Աստծո, տաք ջուր ունենք: Նաեւ խորհուրդ տվեցին դիմել քաղաքապետարան, դիմեցի, 10000 դրամ տվեցին, բայց էլի ասում եմ՝ Փառք Աստծո, որովհետեւ ոչ ոք այստեղ պարտավոր չէ մեզ օգնել, այստեղ էլ լավ չեն ապրում: Բոլորն էլ ունեն խնդիրներ, դե, ես էլ շատ բաներ չեմ ուզում պատմել, պարզապես երեխաներս լինեն առողջ ու անվտանգ, դա եմ ուզում: Մենք այնպիսի բաներ ենք տեսել Հալեպում»: Պատմում է ու հազիվ զսպում արցունքները: Տիկին Ժորժետը նաեւ հիշեց Հալեպում անցկացրած օրերը ուրախությամբ, բայցեւայնպես ցավով, քանի որ այլեւս ոչինչ չի կարող վերադարձնել: «Հալեպում աղքատն էլ էր ապրում, հարուստն էլ: Տունս լեցուն էր, ոչ մի բանի կարիք չունեինք, ամուսինս ու տղաս էին աշխատում, երկու խանութ ունեինք, երջանիկ էինք շատ: Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Այնտեղ ունեինք շորերով լի պահարաններ,  այստեղ նույնիսկ գուլպա չունենք հագնելու: Այնտեղ չէի աշխատում, բայց եթե կարիքը լիներ կաշխատեի, ինչպես Լիբանանում: Այստեղ էլ եթե որեւէ մեկին պետք է լինում, քյուֆթա եմ պատրաստում, մի կնոջ հետ քիսա եմ կարում, տանում եմ մարզպետարան, հիվանդանոցներ, շուկա: Ու էլի եմ ասում, Փառք Աստծո. մարդիկ այստեղ շատ լավն են. եթե կարողանում են, օգնում են»: Տիկին Ժորժետը չի ցանկանում վերադառնալ ո՛չ Սիրիա, ո՛չ Լիբանան: Ամուսնու մորաքույրը ապրում է Կանադայում, ուզում են գնալ նրա մոտ, սակայն փախստականներին Կանադա են տեղափոխում Լիբանանից, իսկ այնտեղ հասնելը ընտանիքի ֆինանսական ծանր պայմաններում անհնարին է: