Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան թերացումներ, խախտումներ, բայց ոչ՝ չարաշահում. աշխատանքից ազատված տնօրեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar-Levon-sahakyan

«Չարաշահումը շատ վերամբարձ է ասված: Կան թերացումներ, կան որոշակի խախտումներ՝ ինչ-որ մասը գուցե օրենքի չիմացության պատճառով: Ես չեմ փորձում արդարացնել այդ ամենը, բայց ամեն դեպքում դա համարել չարաշահում կամ հափշտակում, ես նման որևէ բան չեմ կարող ասել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լևոն Սահակյանը: Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 12-ին ԿԳ նախարարի հրամանով ազատվել էր աշխատանքից: Նախարարությունից մեզ հայտնել էին, որ ազատման պատճառը նախարարության ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումներն են, չարաշահումներն ու քոլեջի պարտքերը, որոնք Լևոն Սահակյանի տնօրինության օրոք ավելացել են: Լևոն Սահակյանը չի ժխտում, որ քոլեջն իսկապես ունեցել է պարտքեր, բայց ոչ իր պատճառով: «Ես արդեն իսկ մեծ պարտքերով ընդունել եմ քոլեջը 2014թ-ին: Երբ ես այդ ժամանակ դարձա տնօրեն այնտեղ մոտ 4 միլիոն 200 հազար դրամի չափով պարտք կար: Փետրվարի 1-ին դարձել եմ տնօրեն, հետո պարզվեց , որ փետրվարի 27-ին քոլեջը դատարանի առջև պետք է կանգնի այդ գոյացած պարտքը չվճարելու պատճառով, հետո դատ-դատաստան, տուգանքներ, տույժեր և այդ 4 միլիոն պարտքը դարձավ մոտ 6 միլիոն և մնաց քոլեջի վրա: Բայց այս երկու տարվա ընթացքում այդ պարտքերը մարվել են՝ ինչ-որ չափը մեր կողմից, ինչ-որ չափով նախարարության կողմից: Հիմա մնացել է առավելագույնը 700 հազար դրամի չափով պարտք: Ես նախարարությանը տեղյակ պահել եմ այդ ամենի մասին և աուդիտի արդյունքներում էլ այդ ամենը պարզ երևում է: Ինչ վերաբերում է, որ ես պարտք եմ ավելացրել և ոչ թե փակել, նման բան գոյություն չունի»,-պարզաբանում է նա և հավելում. «Ես հավելյալ պարտքեր չեմ կուտակել, գումարներն անիմաստ չեմ վատնել, ինչ գումար էլ, որ ծախսվել է, ապա ծախսվել է նպատակային՝ քոլեջի կարիքների համար: Ես քոլեջը ընդունել եմ խայտառակ վիճակում, լսարան կար, որ նույնիսկ գրատախտակ չուներ: Դաշնամուր ենք գնել, հնչյունային տեխնիկա, համակարգիչներ, ուսանողների համար անհրաժեշտ ապրանքներ, լսարաններ ենք վերանորոգել, որ դասի ժամին պատերի գաջը երեխաների գլխին չթափվի, նստարաններ, սեղաններ ենք առել և մի շարք այլ բաներ, փորձել ենք ուսանողների համար ապահովել գոնե մինիմալը:Այդ գումարները օդում չեն ծախսվել՝ քմահաճույքի համար»: Պարոն Սահակյանի խոսքերով՝ այդ ամենը բացատրական նամակի տեսքով ուղարկվել է նախարարություն, իսկ պատասխանը եղել է այսպիսին. «Փող չունեիք, ուրեմն չանեիք»: Ստեղծված իրավիճակում ձեզ աշխատանքից հեռացնելու այլ պատճառ կամ միտում տեսնո՞ւմ եք,-հետաքրքրվեցինք Լևոն Սահակյանից: Վերջինս պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ համոզված չեմ: Դա դուրս կգա բամբասանք կամ ինչ-որ նման բան: Չեմ կարող ասել, թե նախարարն ինչից դրդված է դիմել այդ քայլին, աուդիտի արդյունքներն ամեն ինչ ցույց են տվել ու չեմ կարծում, որ դրանք այնպիսի արդյունքներ էին, որի համար կարելի էր աշխատանքից հեռացնել: Ես վերականգնելու եմ իմ անունը, թույլ չեմ տալու, որ իմ վրա ցեխ շպրտեն»: