Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոպոլիտենի աշխատակիցները կգնան մինչև Եվրոպական դատարան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
metropoliten-nkar

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները 2 տարի առաջ ազատվել էին աշխատանքից՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների բողոքի գործողություններ կազմակերպելու պատճառով։ Նրանց փաստաբան Քրիստինե Գևորգյանն այսպիսի եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որով հիմնավոր էր համարվել աշխատակիցներին աշխատանքից ազատելը այն հիմքով, որը ներկայացրել է Մետրոպոլիտենի տնօրինությունը։ Իսկ Մետրոպոլիտենը պատճառաբանել էր, որ երեք աշխատակիցները լավ չեն կատարել իրենց աշխատանքը, կողմնակի անձանց են թողել այպիսի տարածք, որտեղ արգելված է, ինչպես նաև՝ աշխատակիցները գրառումներ կատարել են ոչ պատշաճ, ինչը աշխատանքի թերացման հետևանք է։ Ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինե Գևորգյանի՝ իրենց ողջ դժգոհությունը Վերաքննիչ դատարանի դեմ է ուղղված, որը բեկանել է Քանաքեռ և Զեյթուն ընդհանուր իրավասությունների դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը։ Դատական այս ատյանը անհիմն էր համարել Մետրոպոլիտենի աշխատակիցներին աշխատանքից ազատելը ղեկավարության ներկայացրած հիմքով, ինչպես նաև աշխատանքի չվերականգնելու դիմաց աշխատավարձի հնգապատիկի չափով գումար էր սահմանել, ինչը ևս վերացվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Աշխատանքից ազատված աշխատակից Սևակ Հովհաննիսյանը պնդում է՝ անօրինական է Մետրոպոլիտենի ղեկավարության՝ իրենց աշխատանքից ազատելու որոշումը։ Ըստ նրա՝ դրան նախորդած ժամանակահատվածում իրենք պատշաճ չեն ծանուցվել աշխատանքից ազատվելու հնարավորության մասին, ինչպես նաև զգուշացումներ չեն ստացել աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին։ «Եթե իրենք տեսել են, որ կողմնակի մարդիկ են եղել արգելված տարածքներում, ինչո՞ւ չեն ֆիքսել դա, դրա մասին մեզ զգուշացումներ չեն արել»։ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները, որոնք իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք դեռևս չեն գտել, պնդում են՝ հայաստանյան դատական ատյաններում արդարության չհասնելու պարագայում դիմելու են Եվրոպական դատարան։