Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենի հարցում ՀԱԿ-ը դեռ վերջնական որոշում չունի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8c48d701b89fa5d45fb75e06e19b5b1b

Օմբուդսմենի թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ավելացնելով, որ դիմումները կընդունվեն մինչեւ ժամը 18:00-ն: Նրա փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին հանձնաժողովը կորոշի, թե օմբուդսմենի որ թեկնածուին է ներկայացնելու ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: Նշենք, որ ՀՀԿ-ն առաջադրել է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, ԲՀԿ-ն՝ իր քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը, ՕԵԿ-ը պաշտպանելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջադրած` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ այսօր կուսակցության նիստ են անցկացնելու, որի ընթացքում կորոշեն՝ արդյո՞ք իրենք կառաջադրեն կամ կպաշտպանեն օմբուդսմենի որեւէ թեկնածուի: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ իրենք հակված են չմասնակցելու այդ գործընթացին, թեեւ ինքն անձամբ կողմ է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը: ՀՅԴ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել, միայն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է հայտարարել, որ խոստացել է Զարուհի Փոստանջյանին՝ պաշտպանել նրա թեկնածությունը: Այս պահին ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար դիմումի 4 ձեւաթուղթ է վերցվել՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցություններից եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է իրենց խորհրդի անդամ Նարեկ Ալոյանի թեկնածությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց կուսակցության խոսնակ Վարդան Քոչարյանը՝ իրենք այս պահին փաստաթղթեր դեռ չեն ներկայացրել հանձնաժողով՝ նախապատրաստում են փաստաթղթերը եւ շուտով հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: