Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահրատարակվել է Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» հատորը

Քաղաքականություն
girq

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» հատորը (190 էջ): ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանին, ով իր մասնակցությունը բերեց այս հատորի տպագրության հովանավորմանը: «Խարխափումներ»-ը վերահրատարակվել է Լուսակն տպարանում: Այս գիրքը տպագրվել է 1924 թվականին Բոստոնում արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակել է արևելահայերենով, բայց աբեղյանական [Հայաստանում, Արցախում և նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն] տարբերակով: Վրացյանի հատորը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին: Առաջիկա օրերին Լուսակնի տպարանից դուրս կգան ԱՆԻ-ի վերահրատարակած ևս հինգ հատորներ. Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», ինչպես նաև այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը (750 էջ): Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է: