Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Սպորտ
gabuzyan

Հայաստանի շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում են պայքարել Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի մեդալների համար: Այսօր կայացած նախավերջին տուրում մեր երկու պատվիրակները հաղթանակ տարան: Հովհաննես Գաբուզյանը սեւերով առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովի նկատմամբ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով պարտության մատնեց իրանցի միջազգային վարպետ Մասուդ Մոսադեղպուրին: Ութ տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես բալով են ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ Պավել Մալետինից եւ Մաքսիմ Չիգարեւից: Վաղը կայանալիք վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի մեկ այլ գրոսմայստեր Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի վրացի Մերաբ Գագունաշվիլիի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք պետք է անպայման հաղթանակ տանեն, քանի որ լրացուցիչ գործակիցներով զիջում են իրենց անմիջական մրցակցիներին: