Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դսեղի բնակչին հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է

Պաշտոնական
20140328083527hrazen

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի թիվ 1 Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը) հատկանիշներով: Նախնական տվյալներով՝ 42-ամյա Ա.Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում: Կատարվել է տեղանքի զննություն, որի ժամանակ ՊՈԱԿ-ից շուրջ 100 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Կասկածյալը հայտարարել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով անզգուշաբար կրակելու հետևանքով է Ա.Խաչատրյանին պատճառել վնասվածք: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով կասկածյալից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություն։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին