Ինչ է ձյունը. բացահայտում են պատգամավորն ու փոխքաղաքապետը (տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է Սերժ Սարգսյանի ներկայացրած ՀՀ և Ասիական բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր 2 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Գլխավոր զեկուցող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ բանկը Կառավարությանն է տրամադրելու 112 մլն 960.000 դոլարի չափով վարկ, որն ուղղվելու է տրանսպորտի բեռնաթափմանը: Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը, վարկի մարման ժամկետը 22 տարի է: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին այսօր ոչ թե վարկն էր հետաքրքրում, այլ ձմռան ընթացքում քաղաքապետարանի իրականացրած աշխատանքը: «Դուք տեղյա՞կ եք, որ հիմա ձյուն է գալիս: Ձյունը նախապես կոնդենսացված, այնուհետև կրիստալացված ջուր է, որն իջնում է ներքև, կուտակվում է փողոցներում, մայթերում, որի հետևանքը դառնում է սոցիալական, առողջապահական խնդիրներ, վթարային իրավիճակներ: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, հրաժարականներ եղե՞լ են: Արշակունյաց պողոտայում դուք տեղյա՞կ եք, որ անցում եք տեղադրել, որը ծուռ է և տգեղ: Ո՞ւր են գնում փողերն այն պարագայում, որ կոնյակ եք գնում, արտաքին գեղարվեստական լուսավորության վրա եք միլիոններ ծախսում, գործուղումների վրա եք ծախսում: Ինչո՞ւ եք վարկ վերցնում»,-հարցրեց նա: «Տեղյակ ենք, որ ձյուն է գալիս, ձմեռ է, ձյուն է գալիս, հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու: Քաղաքապետարանը պատրաստ է իր գործառույթն անելու: Որևէ մեկի հրաժարականի կարիքը չկա: Իսկ վերգետնյա անցումը կառուցվել է նորմալ նախագծով, տգեղ է, գեղեցիկ է, դա ճաշակի հարց է: Խորհուրդ կտամ ձեր մանդատն այս դահլիճում օգտագործեք»,-պատասխանեց քաղաքապետի առաջին տեղակալը: «Դուք ինձ խորհուրդ մի տվեք»,-հակադարձեց պատգամավորը: